Ջաջուռցի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնանորոգվելուց հետո այսօր վերաբացվեց ու երկու կարևոր ցուցանմուշով համալրվեց: Տարիներ առաջ կառավարության շենք տեղափոխված «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն այլևս այս թանգարանում կցուցադրվեն:
15 տարի փակի տակ մնալուց հետո որմնանկարները վերադարձան տուն, նկատեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
«Ինձ համար այստեղ ամենակարևորն այն է, որ ոչ թե մշակութային օջախից է տեղափոխվում ցուցանմուշը՝ կառավարության շենք, այլ հենց կառավարության շենքից վերադառնում է տուն՝ մշակութային օջախ։ Դա շատ կարևոր է և շատ կարևոր նախադեպ է և՛ պահպանության առումով, և՛ հանրահռչակման առումով, և՛ ամենակարևորը հենց խորհրդանշորեն։ Այս որմնանկարների տունը, տեղը հենց այստեղ է՝ մեր թանգարանում։ Ես սա խորհրդանշորեն կոչում եմ Մինաս Ավետիսյանի տուն, ճիշտ է, տունն այստեղ չէ, տունը մի փոքր հեռու է այստեղից, բայց այնտեղ, որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ արվեստագետի հոգին է», - ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:
Տարիներ առաջ, երբ Գյումրիի կիսավեր գործարանի պատից այս որմնանկարները տեղափոխվեցին կառավարության շենք, բողոքի ակցիաներ անցկացվեցին: Մինասի հայրենի տուն նրանք վերադարձան 15 տարի անց: Նկարչի որդու՝ թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի համար որմնանկարների տեղափոխման լուրն անակնկալ է եղել, ասաց. «Կարծում եմ, որ դա շատ ճիշտ և տեղին որոշում է կառավարության կողմից»:
Արման Ավետիսյանը նշում է՝ տեղափոխումների ժամանակ որմնանկարները թեկուզ քիչ, բայց վնասներ կրում են. «Եվ հիմա մենք մասնակի վերականգնել ենք։ Հետագայում, հույս ունեմ, որովհետև, դա առանձին ֆինանսավորման խնդիր է, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ գործընթացն էլ կկազմակերպենք, որ ամրակայվի ինչ-որ տեղեր, թույլ տեղեր ունենք»:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներով են որմնանկարները տեղափոխվել կառավարության շենքից Ջաջուռ:
«Կառավարությունն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է հոգացել բոլոր ծախսերը։ Նախագծանախահաշվային փաստաթղթավորումը պատրաստել ենք մենք մեր միջոցներով, այսինքն՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, մնացածն արդեն արվել է նախարարության միջոցներով և կառավարության աջակցությամբ», - ասաց ազգային պատկերասրահի տնօրենը:
2 տարվա ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը պետական միջոցներով և մասնավորի ներգրավմամբ վերանորոգել և արդիականացրել է թանգարանի ցուցասրահները, լուսային, մոնտաժման համակարգերը, տեղադրվել է արևային կայան: Այս պայմանների ապահովումից հետո միայն Մինասի բնօրինակ աշխատանքները վերադարձել են թանգարան:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն ասաց. «Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում՝ Հանրապետության հրապարակում՝ Ազգային պատկերասրահի ցուցասրահներում։ Եվ, ասեմ, բավական բարդ որոշում էր, որովհետև մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը, և մենք որոշում կայացրինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը, և այսօր այդպես է»:
Ջաջուռցի մեծ նկարչի կտավներում իր կողքին ապրած մարդիկ են իրենց կենցաղով: Նրա ստեղծագործությունները իրենց վառ գույներով են տարբերվում: 50 տարի առաջ ավտովթարից մահացած նկարիչը 47 տարի ապրելով հասցրել է մեծ ժառանագություն թողնել՝ բազմաթիվ կտավներ, գործարանների ու մշակույթի տների պատերին՝ որմնանկարներ: