Մատչելիության հղումներ

Խաղողի բերքն առատ է, բայց ոչ բոլոր գործարաններն են մթերում


Խաղողով բեռնված մեքենաների հերթը Պռոշյանի գինու գործարանի մոտ, 14-ը հոկտեմբերի, 2025թ.
Խաղողով բեռնված մեքենաների հերթը Պռոշյանի գինու գործարանի մոտ, 14-ը հոկտեմբերի, 2025թ.

Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին, որ խաղողի մթերման խնդիր չկա, Արարատի մարզի Պռոշյանի գինու գործարանի դիմաց խաղողով բեռնված մեքենաների հերթեր են:

Այս տարի խաղողի այգիները շատ բերք են տվել: Որ գործարանները գյուղացու բերքն ամբողջությամբ մթերեն, Կառավարությունից ասում են՝ աջակցում են վարկերի հարցում. մինչև 50 տոկոսի չափով գրավի երաշխիքից բացի, նաև վարկի մուծման 9 տոկոսն են սուբսիդավորում:

Ու չնայած այս ամենին՝ Պռոշյանի կոնյակի գործարանի առջև հավաքված խաղողագործներից մեկը, որ խոսեց առանց տեսանկարահանվելու, պատմեց՝ մեկ այլ գործարանի հետ պայմանագիր ուներ, բայց ստիպված այս գործարան է բերել բերքը. - «Որովհետև Արմավիրի զավոդները փակեցին: Ես ընդեղ պայմանագրեր ունեի, բայց հլը չսկսած մթերելը՝ սեփականատերերը որոշեցին փակել: Ասում ա՝ պետությունը չի ֆինանսավորում, պետությունն էլ ասում ա՝ իրանք չեն դիմում, սենց մեկը մեկի վրա քցելով ... »:

Հայաստանում շուրջ 40 ընկերություն կա, որ խաղող է մթերում: Թե դրանցից քանիսը կդիմեն Կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար, Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ դեռ ժամանակ կա, դիմումները շարունակում են ընդունել:

Թե որ գործարանն ու ինչ պատճառով չի ընդունում խաղողը, նախարարությունից փոխանցեցին՝ սեփականատերերի ընտրությունն է, կարող են դիմել աջակցության ծրագրին ու մթերել, չդիմողների պատճառների մասին խոսել իրենք չեն կարող:

Համագյուղացիների բերքը սեփական մեքենայով գործարաններ հասցնող «Ազատության» մյուս զրուցակիցը բերքի տիրոջ հետ անցնում է այդ ճանապարհը, չի հասկանում՝ եթե պետությունն աջակցում է, ինչո՞ւ են իրենք այս փնտրտուքի մեջ:

«Կարող ա սխալվում եմ, բայց իմ կարծիքով՝ Կառավարության, ինչ-որ, զավոդների տերերի մեջ էդ ինչ-որ հարցեր, խնդիրներ ա առաջացել, իրանք չեն հասկացել, զանգել ասել ա՝ «պետությունը սուբսիդիա չի տալիս, փակում եմ»: Պայմանագիր ես կապել մարդու հետ, մարդն էկել ա քո մոտ, ասել ա՝ «խաղող ունեմ, ձեզ եմ տալիս, վերցնո՞ւմ եք», «հա, բեր», օր են խոսում, տոննաժ են խոսում, «էսինչ օրը բեր, էսինչ քանակով բեր», մարդը, ասենք, 8-ի համար խաղող ունի, որ պտի տանի, 3-ին զանգում են ասում են՝ «պետությունը սուբսիդիա չի տալիս, զավոդը փակում ենք, խաղողդ ինչ կուզես արա»: Է բա էսի անելու բա՞ն ա», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

«Ազատություն»-ը դիմել է Արմավիրի մարզում խոշոր մթերողներից մի քանիսին՝ պարզելու, թե ինչո՞ւ են մթերումները դադարեցրել, եթե մարդիկ պայմանագրեր ունենին ու չհասցրեցին իրենց բերքը հանձնել, պատասխան դեռ չունենք: Նախարարությունից պնդում են՝ 1000-1500 տոննա խաղող է մնացել մթերելու, դա էլ կանեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG