Քրեական ընթացք ստացած աղմկոտ պատմության վկան կապույտ «Ժիգուլի»-ն է, որ ջարդված ապակիներով կայանված է պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանի բակում: Երեկվանից մամուլը գրում է՝ ծառայողին ծեծել են Խոյի ՔՊ-ական համայնքապետն իր հարազատների հետ:
«Ես չեմ մասնակցել, չեմ ծեծել ոստիկանության աշխատակցին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը:
Համայնքապետ Յայլոյանը պնդում է՝ ծեծի մասին չի էլ իմացել, քնած է եղել օգոստոսի 31-ի գիշերը, միայն հաջորդ օրն է տեղեկացել, թե ինչ է կատարվել:
Խոյ համայնքի բնակավայրերից Շահումյան գյուղում, որ համայնքապետի ծննդավայրն է, երիտասարդների միջև ծեծկռտուք է եղել: Ըստ Լյուդվիգ Յայլոյանի` այնպես է ստացվել, որ բոլոր մասնակիցներն իր հարազատներն են: Պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանը, որ իր հորեղբոր թոռն է, մեքենան անշնորհք է վարել, ըստ Յայլոյանի. - «Պարեկը մեքենան վատ ա վարել, արագությամբ, անշնորհքություններ ա արել, երեխաների պնդմամբ՝ ոչ սթափ վիճակում ա եղել»:
Եվ այս վարքը դուր չի եկել համայնքապետի եղբորորդուն, աներորդուն, հորաքրոջ թոռանը. - «Երկկողմանի վիճաբանություն ա էլել, ծեծ ա, հա, եղել ա»:
Ծեծված պարեկային ծառայողը հաղորդում է ներկայացրել դեպքի հաջորդ օրը: Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ քրեական գործ է հարուցվել խուլիգանության ու մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով: Փորձաքննություններ են նշանակվել, հինգ հոգի ձերբակալված են, բոլորը՝ համայնքապետի ազգականներ, այս թվում՝ Լյուդվիգ Յայլոյանի եղբայրն ու նրա երկու որդիները:
«Իմ եղբայրը մասնակցություն չի ունեցել, իր մեծ որդին մասնակցություն չի ունեցել, դա կպարզվի վերջում, նախաքննությունը իրա ընթացքը ցույց կտա», - նշեց համայնքապետը:
Յայլոյանի ձերբակալված հարազատների շարքում նաև անչափահաս կա, և ըստ պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանի ընտանիքի՝ հենց նրանից էլ սկսվել է այս պատմությունը: Ամիսներ առաջ պարեկ Կնյազյանն իր աշխատանքը կատարելիս կանգնեցրել է մեքենա, որի ղեկին այդ անչափահասն է եղել, տուգանքը՝ 50 հազար դրամ, վճարել են, բայց նստվածքն այնքան խորն է եղել, որ չորս օր առաջ պայթել է այս ծեծը: Կնյազյանի հայրը հույս ունի, որ քննությամբ կպարզվեն բոլոր հանգամանքները. - «Օրենքի ձեռն ա էս գործը, էս հո խոմ ռազբիրատ անելով չի: Խմած հարբա՞ծ ա էղե իմ տղեն, դեղ անո՞ղ ա, մորֆինի՞ստ ա, չգիտեմ, եսիմ ի՞նչ ա. թո օրենքը պարզի, տանի իմ տղու ջուխտ անգաջները պոկի, ասի՝ տղա ջան, առը քեզի, դե գնա, ախպեր ջան ... Լավ էլել է, քեզ էլ են տփե, քու ավտոն էլ են ջարդե»:
Հորը վիրավորում է այն, որ ասում են՝ որդին խմած է եղել. դժվար չի, թող պարզեն քննիչները: Սմբատ Կնյազյանն այսօր քննչական բաժնում էր: Հոր խոսքով՝ նա մի շարք վնասվածքներ ունի: Ծեծողների մեջ համայնքապետը չի եղել, ասում է ծեծված պարեկի հայրը: Նա ծանր հոգեվիճակում էր՝ անհանգիստ, թե ինչով կավարտվի այս պատմությունը:
Իսկ համայնքապետն անհանգիստ է, որ ծեծն իր անվան հետ են կապում. - «Առաջիկայում մենք ընտրություններ ունենք՝ էդ մասով որպեսզի ցեխ շպրտեն մեր վրա, բայց դա չի ստացվելու, ու մեր մոտ ամեն ինչ նորմալ ա լինելու»:
Վաղարշապատում նոյեմբերին ընտրություններ են սպասվում, Խոյ համայնքն էլ միացել է այդ համայնքին: Ընդդիմությունն ահազանգում էր, որ այս միավորմամբ իշխանությունը ճանապարհ է հարթում իր սրտի թեկնածուի ՝ այժմ Էջմիածնի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի համար. նա Խոյ համայնքի բնակիչ է:
Յայլոյանների անվան հետ կապվող այս միջադեպը նախընտրական զգայուն փուլում իշխանության վարկանիշի վրա չի՞ ազդի, հատկապես որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու նրա ընտանիքն էլ էին աղմկոտ քրեական սկանդալների մեջ:
«Վստահ եմ, որ նախաքննությունը լինելու ա արդար մթնոլորտում, և նախաքննությունից հետո, եթե պիտի ազդի իմ իմիջի վրա կամ իմ հետագա կարիերայի վրա, ես դրա պատասխանատվությունը պատրաստ եմ կրելու», - հայտարարեց Լյուդվիգ Յայլոյանը: