Կոռուպցիան բնում խեղդելու և երկաթյա կարգապահության խոստումներով ու պահանջներով է Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնում իշխող կուսակցության նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Երեկ քաղաքի մշակույթի պալատի դահլիճում ընդլայնված հանդիպում է անցկացրել իրավապահ համակարգի և պաշտպանական գերատեսչության Լոռու մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքների ղեկավարների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: 12 րոպեանոց ուղերձում ձևակերպել է իր պահանջները՝ իրավապահներից, համայնքապետերից, կրթական ու առողջապահական համակարգից, շինարարական կազմակերպություններից ու մարզպետի աշխատակազմից:
«Վճռական և հաստատակամ շեշտում եմ՝ կոռուպցիան բնում խեղդելու ենք, իրավապահների հետ համագործակցությամբ և իրավապահների աջակցությամբ։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխական հարթակից ասել ենք՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ 8 տարի անց այդ անկյունաքարային սկզբունքը կրկնում եմ արդեն այս հարթակից», - նշել է Մկրտչյանը։
Ավելի քան յոթ տարի առաջ իշխանություն ստանձնած քաղաքական ուժի 33-ամյա ներկայացուցիչը վճռականության, հաստատակամության, կանգ չառնելու, չհոգնելու և պայքարելու մասին է խոսել: Նշել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, հիշեցրել, թե աշխատանքային ժամն սկսվում է ուղիղ 9-ին, զգուշացրել՝ անգամ մեկ րոպե ուշացման համար զիջում չի լինելու:
«Ուղերձս մարզպետի աշխատակազմին՝ պահպանել երկաթյա կարգապահություն։ Ժամը 1-ը ժամը 3-ը չէ։ Ժամը 3-ը ժամը 5:30-ը չէ։ Էսօրը վաղը չէ մյուս օրը չէ։ Ժամը 9:01 աշխատանքի հաճախողները ստանալու են գրավոր նկատողություն, կրկնվելու դեպքում 2-րդ գրավոր նկատողությամբ հեռացվելու են աշխատանքից», - ասել է նա։
Այս բավականին ընդլայնված հանդիպմանը լրատվամիջոցները հրավիրված չէին: Մարզպետարանից ասում են՝ հանդիպումն աշխատանքային էր: Մարզպետարանում համարում են, որ աշխատանքային հանդիպումը փակ է լրագրողների համար: Մարզի նորանշանակ ղեկավարն իր ելույթում չի խոսել՝ համարո՞ւմ է արդյոք, որ իրեն նախորդած պաշտոնյաներին չի հաջողվել կոռուպցիան խեղդել բնում:
Արեն Մկրտչյանը, որ երկու շաբաթ առաջ հրաժարվեց պատգամավորական մանդատից ու նշանակվեց այս պաշտոնում, 18-ի հեղափոխությունից հետո Լոռու արդեն 5-րդ ղեկավարն է: Նրան նախորդած բոլոր մարզպետներն էլ խոսել են կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ինչպես երկրի ղեկավարն է պարբերաբար անում:
«Քաղաքացու վճարած հարկերից ձևավորվող պետական և համայնքային բյուջեի միջոցները քաղաքացու համար հանրային բարիք, ոչ թե պաշտոնյայի համար անձնական հարստություն դիզելու միջոց են», - ընդգծել է Մկրտչյանը:
Նախկին ՔՊ-ական մարզպետներից միայն Արամ Խաչատրյանն էր, որ պաշտոնից ազատվեց վարչապետի Լոռու մարզ կատարած այցից ու նրա դժգոհություններից հետո: Այդ աղմկահարույց ստուգայցից հետո պաշտոնից ազատվեցին ոչ միայն Լոռու, այլև Արմավիրի մարզպետներն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը:
Չնայած այդ աղմկոտ պաշտոնանկություններին, այդպես էլ դպրոցների ու մարզադահլիճների անորակ շինարարության գործով քրեական վարույթ չեղավ, պաշտոնից ազատված Լոռու մարզպետն էլ վարչապետի խորհրդական նշանակվեց:
Լոռու նորանշանակ մարզպետի երեկվա 12 րոպեանոց ելույթի տեսագրությունը տեղադրված է միայն Ֆեյսբուքի իր անձնական էջում: Պաշտոնական հարթակներում չկա: Տեսագրությունից պարզ չէ՝ արդյոք ներկաները նրան հարցեր են ուղղել կամ դիտարկումներ արել, բայց ելույթն ընդունել են բուռն ծափահարություններով: