Մատչելիության հղումներ

ՔՊ խմբակցության քարտուղարը դեռ ներողություն չի խնդրել ընդդիմադիր կին պատգամավորից


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, կոլաժ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, կոլաժ

«Սեռավարակների թեստի» վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունից երկու օր անց էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռ ներողություն չի խնդրել ընդդիմադիր կին գործընկերոջից։ Իսկ արդյոք պատրաստվո՞ւմ է, այսօր չհաջողվեց պարզել. իշխանական պատգամավորն «Ազատության» զանգերն անպատասխան է թողնում։

«Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից», - հայտարարել էր Հովհաննիսյանը:

Իշխող խմբակցության անդամները, չնայած հրապարակավ ուղիղ չեն դատապարտում Հովհաննիսյանի պահվածքը, սակայն անընդունելի են համարում այն։

Այսօր էլ ՔՊ-ական կին պատգամավորներից Զարուհի Բաթոյանն անդրադարձավ աղմկահարույց հայտարարությանը, մինչ այս նա հրապարակավ չէր խոսել միջադեպից։

«Ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է և էդպես է պատասխանել», - ասաց Բաթոյանը:

Ճեպազրույցի ընթացքում ասաց, թե Հովհաննիսյանի հետ անձամբ խոսել է այդ թեմայով։ Չբացահայտելով զրույցի բովանդակությունը, նշեց, թե գործընկերոջը չի առաջարկել մանդատը վայր դնել։

«Էստեղ եթե մենք խոսում ենք ընդհանրապես կանանց հանդեպ խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, էս մասով, բնականաբար, ես անընդունելի եմ համարում հենց էդպիսի արտահայտությունները», - ասաց Զարուհի Բաթոյանը:

Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ բացասաբար է վերաբերվում նաև Թագուհի Թովմասյանի հայտարարությանը. ընդդիմադիր պատգամավորն անցած շաբաթ իր ճեպազրույցի ընթացքում իրեն ռեպլիկ նետած Հովհաննիսյանի հարցով երկուշաբթի օրը դիմել էր խորհրդարանի ղեկավարին՝ պահանջելով, որ Հովհաննիսյանը թմրանյութի թեստ հանձնի: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն իր առաջարկը բացատրել էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-ին Արթուր Հովհաննիսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, և նրա մեքենայից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն էլ քրեական գործի հարուցման պատճառ էր դարձել:

Զարուհի Բաթոյանը Թագուհի Թովմասյանի այս առաջարկն էլ թիրախավորում որակեց. - «Ուզում եմ խոսել նաև տիկին Թովմասյանի արտահայտության մասին: Ինչո՞ւ; Որովհետև, հարգելի գործընկերներ, երբ մենք թիրախավորում ենք, օրինակ, թմրանյութեր օգտագործած անձին, օրինակ, հա՞, ո՞վ է թմրանյութեր օգտագործող անձը՝ առողջական խնդիրունեցող անձն է, այսինքն՝ մարդը, ով ունի կախվածություն: Եվ հետևաբար՝ ինձ համար անընդունելի է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի և նաև կարծրատիպեր վերարտադրել»:

Բաթոյանը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունն էլ համարում է քաղաքական շահարկումների պատրվակ։ Դատելով իշխանական պատգամավորի խոսքերից՝ իշխանականները կարծես թե մտադիր չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն հավանություն տալ: ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ մշտական հանձաժողով ստեղծելու օրենսդրական առաջարկություն են պատրաստվում անել, արդեն նախագիծ են մշակել։

«Ես ցավով եմ, իհարկե, ասում, որ կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննվեն էդ հանձնաժողովում, բայց էս պահին, ես վստահ եմ, որ ընդդիմությունը դա պարզապես որպես հարց շահարկելու է», - նշեց իշխանական պատգամավորը:

Նախորդ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողի հասցեին արած արտահայտություները քննելու համար ընդդիմության առաջարկած էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը չէր ստեղծվել՝ իշխանականների ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG