Մատչելիության հղումներ

Լոպեսի համերգից վնասված խոտածածկը պատրաստ կլինի՞ Հայաստան-Պորտուգալիա խաղին


Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայում հույս ունեն, որ առաջիկա երկու օրերին խոտը լավ կաճի, և Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Հանրապետական մարզադաշտի փչացած խոտածածկը պատրաստ կլինի Հայաստան-Պորտուգալիա խաղին։

«Մինչև ամսի 6-ը, մինչև ամսի 5-ը նույնիսկ նույն ձև կլինի, ոնց որ խաղադաշտի մյուս հատվածը», - «Ազատությանը» ասաց Ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի աշխատակից Սուրեն Սուքիասյանը:

Թե ինչ արագությամբ կաճի խոտը, պարզ կլինի միայն սեպտեմբերի 6-ին։ Սուրեն Սուքիասյանը հորդորում է դիտել տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչ վիճակում է հիմա դաշտը։ «Հանրապետական ստադիոնը պատրաստ է ընդունել Պորտուգալիային և Իռլանդիային» վերնագրով տեսանյութում հենց մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանն է խոստովանում է՝ դեռ չլուծված խնդիրներ կան, - «Այ էս կիսադաշտը, քանի որ ուշ հավաքեցին էդ թիթեղները պլաստիկ, այ էստեղ էր ամենադժվար ... Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ կանաչի դաշտը, բայց փառք Աստծո, էսօր կանաչել է, մի քիչ տեղեր կան, երեք օրվա ընթացքում կփակվեն»:

Լոպեսի 6 միլիոն դոլարանոց համերգը, որը տեղի ունեցավ հարկատուների հաշվին, օգոստոսի 3-ին էր։ Դրանից շատ ավելի առաջ էր, սակայն, հայտնի, որ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիային: Թերևս դժվար չէր կռահել, որ համերգին ներկա տասնյակ հազարավոր մարդիկ ոտնատակ կանեին խոտածածկը:

Այն, որ մարզադաշտի խոտածածկ հատվածը լուրջ վնասվել էր, հենց Ֆեդերացիան է ցուցադրում սեփական տեսահոլովակում։ Բայց Ֆեդերացիայի տեսանյութը լավատեսական ոգով է կառուցված, ասում են՝ պրոֆեսիոնալներ են ներգրավվել, ամեն ինչ անում են, որ խոտը աճի։

«Նենց չեն ավերել, որ տենց կարճ ժամանակում կարենար ... Հա, կանաչել է որոշ մասեր, բայց որոշ մասեր դժվար թե կարողանան հասցնեն էն վիճակի, որ նույնիսկ խոտ աճի, ու էդ բերելու է ֆուտբոլիստների վնասվածքի հավանականության», - ասաց ֆուտբոլի երկրպագուների ՖԱՖ շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը: Նրա խոսքով՝ սա ամոթալի նախադեպ է։

Ի դեպ, համերգից հետո ՈՒԵՖԱ-ն Հանրապետական մարզադաշտը ընդգրկել էր բարձր ռիսկային մարզադաշտերի ցանկում։ Ֆեդերացիայից էլ հաստատում են՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի պահանջով Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզումը չի անցկացնի հենց խաղի մարզադաշտում։

«ՈՒԵՖԱ-ի տենց պահանջ-խնդրանքով, չգիտեմ, նշվել է, որ նախախաղային մարզումը պետք է լինի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, պետք է լինի էնպիսի խոտածածկ, էնպիսի դաշտ, որը մաքսիմալ համապատասխանի խաղը անցկացվող մարզադաշտին: Որպեսզի նախախաղային մարզման ժամանակ ինչ-որ այլ վնասներ չլինի, խաղին պատրաստ լինի, ապահովությունից, էսպես ասած, ելնելով, նախաղաղային մարզումը լինելու է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում», - ասաց Սուրեն Սուքիասյանը:

ՖԱՖ-ից հակադարձում են՝ նախախաղային մարզման իմաստը նաև այն է, որ ֆուտբոլիստներն ադապտացվեն այն դաշտին, որտեղ խաղալու են։

«ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների մոտեցումները շատ տարբեր է: Առհասարակ երրորդ որակավորման փուլ ակումբային, չորրորդ՝ փլեյօֆի փուլ եվրոգավաթային, պետք է անցկացվեր չորրորդ կարգի մարզադաշտում, որը մեր մոտ մենակ Հանրապետականն է, բայց տեսանք, որ ՈՒԵՖԱ-ն աչք փակեց», - նշեց Սերգեյ Ջանջոյանը:

Սա միակ տհաճ միջադեպը չէր Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ։ Տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ չէին կարողանում տոմսեր գնել, կայծակնային արագությամբ դրանք հայտնվեցին սև շուկայում. 20 հազար դրամ արժողությամբ տոմսերը 200 հազար դրամով էին վաճառվում։ Ֆեդերացիան հորդորեց չընկնել խարդախների թակադը՝ ընդամենը հայտարարություն տարածելով։

«ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը», - հայտարարեց Ֆեդերացիան:

Ֆուտբոլի ֆաները պատրաստ են աչք փակել և՛ վատ խոտածածկի, և՛ տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների վրա, կարևորը՝ հայ ֆուտբոլիստները լավ խաղան։

«Հա, խայտառակվեցինք, ամոթ մեզ, փորձեցինք Ջենիֆեր լոպեսի համերգը լավ կազմակերպենք՝ թքած ունենալով ֆուտբոլի վրա, իմ համար թեկուզ էդ վիճակում, հողի վրա՝ մեր թիմը արդյունք ցույց տա», - ընդգծեց ՖԱՖ շարժման ղեկավարը:

Պորտուգալական պատվիրակությունն այսօր Երևան կժամանի ուշ երեկոյան՝ 23:30-ին։ Հայաստանի ազգային հավաքականն էլ այս խաղին կմասնակցի նոր մարզչի՝ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG