Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրեց գրավը, ընտրեց կալանքը: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են այն վերաքննիչ ատյան:
Դավիթ Համբարձումյանը մեղքը չի ընդունում:
Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Ավելիի վաղ, Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով՝ հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։
Ամիսներ առաջ՝ հունիսին, ընդդիմադիր Հանրապետականը հենց Համբարձումյանին որոշեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն իր չորս անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին: