Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստում միանգամից երկու ճառ հնչեց՝ մեղադրական և պաշտպանական։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդեց մեղավոր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդին՝ իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։
Մեղադրական ճառում դատախազ Վահան Հարությունյանը կրկնեց, որ մեղադրանքի հիմքում «Գալա» ՀԸ մի հարցազրույց է, որտեղ, ըստ մեղադրող կողմի, սրբազանը խոսել է հեղաշրջման մասին և հենց այնտեղ իշխանազավթման կոչ արել։ Մեկ տարի առաջ, սակայն, Գլխավոր դատախազությունը նույն այդ հարցազրույցի մեջ հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել։ Դատախազությունը հիմնավորում է, թե Աջապահյանն այս նույն միտքն ասել է նաև այլ հարցազրույցներում:
Փաստաբանական թիմը նախորդ նիստերում պնդել է, որ դա ոչ թե հարցազրույց էր, այլ ընդամենը զրույց, որին մասնակցել են մի քանի անձինք, և որը հեռարձակվել է ՀԸ, նաև կասկածի տակ էին դրել «կոչ» բառը։ Մասնավորապես հայտարարել էին, որ այդ նախադասություններում Աջապահյանը կոչով չի դիմում որևէ մեկին, որևէ մեկին չի հրավիրում, չի կանչում, այլ պարզապես արտահայտում է իր սեփական կարծիքը՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը։
Դատախազը մեղադրական ճառում նաև որպես ապացույց ներկայացրեց սրբազանի օրագիրը՝ պնդելով, որ այստեղից երևում է՝ Աջապահյանը հետաքրքրված էր, որ հնարավորինս շատ մարդ դիտեր իր այդ հարցազրույցները։
Օրագիրը հայտնաբերվել է արքեպիսկոպոսի կեցավայրում իրականացված խուզարկությամբ՝ նրա համակարգչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նախորդ նիստերում ներկայացվել էին տեսանյութեր։ Դրանցից մեկում երևում էր, թե ինչպես են իրականացվել քննչական բոլոր գործողությունները։ Փաստաբանական թիմի պնդմամբ՝ այդ գործողությունները տեղի են ունեցել լրջագույն խախտումներով, և հենց այդ պատճառով թերահավատ են ներկայացված ապացույցների վերաբերյալ, այդ թվում, թե ինչպես է հայտնաբերվել օրագիրը։
Այսօր նաև հնչեց Աջապահյանի հինգ փաստաբաններից մեկի՝ Երեմ Սարգսյանի պաշտպանական ելույթը։ Իր խոսքը Սարգսյանը սկսեց հետևյալ պնդմամբ՝ դատախազի երկարաշունչ տեքստում մեղքի հիմնավորում չկա։
«Մեղադրողները, հանդես գալով եզրափակիչ ելույթով, այդպես էլ չբացահայտեցին՝ այդ երկարաշունչ մեղադրանքում կոնկրետ որն է իշխանությունը բռնի զավթելու կոչը», - ասաց Երեմ Սարգսյանը:
Բավականին կոշտ էր դատավորին ուղղված նրա խոսքը։ Փաստաբանը փաստացի դատավոր Արմինե Մելիքսեթյանին մեղադրեց «իշխանության կամակատարը» լինելու մեջ, կասկած , որ դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել՝ պատճառաբանելով, որ նա ամբողջ դատավարության ընթացքում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: Երեմ Սարգսյանը նաև հայտարարեց, որ դատավորը վախեր ունի, ինչը պատճառ դարձավ, որ Մելիքսեթյանն ընդհատի պաշտպանի ելույթը:
«Ընթացքը ցույց տվեց, որ Ձեր պատկերացրած արդարադատությունը գործող իշխանության կամքը հլու-հնազանդ կատարելն է, ամբողջ դատաքննությունը առաջին իսկ պահից սկսած վկայել է այն մասին, որ նախագահող դատավորը իր վախերի և անկեղծության իսպառ բացակայության պատճառով...», - ասաց Սարգսյանը:
«Ստիպված պիտի լինեմ Ձեր հորդորել... դատարանի վախերի մասին չէ Ձեր ելույթը, Ձեր ելույթը կառուցեց մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելու շուրջ», - ասաց դատավորը:
Մոտ երկու ժամ տևած ելույթի ժամանակ Սարգսյանը թվարկեց, որ գործը ծայրից ծայր ընթացել է խախտումներով,և թեև թերահավատ է, որ դատավորը արդար որոշում կընդունի, գործը որակեց քաղաքական՝ հիշեցնելով, որ իրավապահները սրբազանին հիշեցին կաթողիկոսին պաշտպանելուց հետո։ Այնուհանդերձ պահանջեց արքեպիսկոպոսին անմեղ ճանաչել։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել սրբազանին սպառնում է տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում։ Հաջորդ նիստում դեռևս չորս փաստաբան պետք է հանդես գա պաշտպանական ելույթներով։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.