Մատչելիության հղումներ

«Մենք միգրանտ չենք». ՌԴ բեռներ փոխադրող մի խումբ վարորդների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առջև


Ռուսաստան բեռներ փոխադրող մի խումբ վարորդներ կառավարության շենքի առջև ակցիա են իրականացնում, հոկտեմբերի 13,2025թ.
Ռուսաստան բեռներ փոխադրող մի խումբ վարորդներ կառավարության շենքի առջև ակցիա են իրականացնում, հոկտեմբերի 13,2025թ.

«Հաջորդ անգամ բեռնատարներով ենք գալու հրապարակ, եթե հարցին լուծում չտան»

«Թող Հայաստանն էլ Ղազախստանի պես բանակցի Մոսկվայի հետ, որ Ռուսաստանում 90-օրից ավելի մնացած բեռնատարների վարորդներին չարտաքսեն երկրից»,- այս պահանջով էին մի խումբ վարորդներ հավաքվել կառավարության շենքի առջև:

Այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից, այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ՝ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր: Այսինքն՝ այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է: Բայց սա այն քաղաքացիների համար է, որոնք ՌԴ չեն գնում աշխատելու նպատակով: Բեռնատարների վարորդները դժգոհում են, թե ինչո՞ւ է իրենց վրա տարածվում այս օրենքը: Իրենք, ո՛չ ՌԴ-ում են աշխատում, ո՛չ էլ որպես զբոսաշրջիկ են գնում այնտեղ:

«Մենք միգրանտ չենք, ո՛չ աշխատելու ենք գնում, ո՛չ հյուր ենք գնում, ո՛չ հանգստանալու», - ասում է բողոքի ակցիա իրականացնող հայ վարորդներից մեկը:

Ռուսաստանում միգրացիոն խստացումների հետևանքով, այսպիսի խնդրի առաջ են կանգնել ոչ միայն Հայաստանի, այլև այդ երկրի հետ ոչ վիզային հարաբերություններ ունեցող բազմաթիվ երկրների քաղաքացիներ:

Կառավարության դիմաց հավաքված հայ վարորդները լուրերով են լսել, որ ղազախ վարորդների բողոքներից հետո միջանկյալ որոշում է կայացվել այդ երկրի համար. «Ոնց Ղազախստանի պատգամավորները բարձրաձայնեցին, ումն էլ արգելափակել էին, վերականգնեցին: Հիմա, ես չգիտեմ, մենք ունե՞նք տենց պատգամավորներ, որ զբաղվեն մեզնով», - ասում էին վարորդները:

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հավաքված վարորդներին բացատրեց՝ օրենքը դեռ չի փոխվել, պարզապես, գուցե, Ղազախստանի համար ժամանակավոր մեղմացումներ են սկսել գործել. «Օրենքը վերաբերվում է բոլոր օտարերկրացիներին, հիմա այս պահին կարող է ինչ-որ պետության նկատմամբ որոշակի մեղմացում լինի, մյուսների նկատմամբ՝ դեռևս ոչ, բայց օրենքը շարունակում է գործել բոլորի համար»:

Փորձագետը դեռ նախորդ տարվանից էր հայտարարում, որ Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքը նաև հայ բեռնափոխադրողներին է խնդիրների առաջ կանգնեցնելու: Ի դեպ, այս փոփոխությունը տարածվում է նաև օդաչուների, բորտ ուղեկցորդների, ուևորափոխադրումներ իրականացնողների վրա: Բեռնատարի 15 վարորդ արդեն իրենց տվյալներն են ուղարկել փորձագետին, նրանք բոլորն արտաքսման վտանգի առաջ են կանգնած: «Անձինք ինձ ուղարկել են հենց վարչական վտարման փաստաթղթերը, որով իրենց մուտքն արգելված է: Բայց, 74 անձի ցուցակ ունեմ, որոք գտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցված են բանկային հաշիվները: Եթե հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, հաջորդ երթի ժամանակ իրենք են հայտնվելու այս վարչական պատասխանատվության տակ», - ասում է Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Բողոքի ակցիայի եկած վարորդները չսպասեցին, որ կառավարությունից իրենց ընդունեն, ոչ էլ նամակ հանձնեցին: Ասացին՝ խնդրի մասին նրանք լավ գիտեն, թող աջակցեն իրենց, հակառակ դեպքում՝ բեռնատարների վարորդները ո՛չ ապրանք կտանեն ՌԴ, ո՛չ էլ բերելու են: «Շուտով, որ որոշ ապրանքներ թանկանան, իմացեք՝ պատճառը սա է»,- ասում են նրանք, շարունակելով. «Հարցը միայն մեզ չի վերաբերվում, մեր երկրի տնտեսությանն էլ»:

Իսկ ՌԴ-ի սահմանած այդ 90 օրը ողջ տարվա համար քիչ է, իրենց կամքից անկախ են դա խախտում, նեղսրտում են վարորդներն ու շեշտում. «90 օրը գալիս է, որ եթե հերթեր եղան, հիմա էլ ձմեռ է, մենք էնտեղ մնում ենք կանգնած, արդեն մեր 90 օրից դուրս է գալիս: 90 օրը լրացավ, մեզ բռնում փակում են, էլ չեն թողնում մտնենք Ռուսաստան»:

Վարորդներն ասացին, որ իրենցից շատերին ՌԴ մտնող չեզոք գոտուց արդեն հետ են ուղարկել՝ 3-5 տարվա մուտքի արգելքներով: Վարորդները, որոնք 1 տարվա ընթացքում արդեն 90 օր այնտեղ են եղել, հայտնվում են «վերահսկվող անձանց ռեեստրում»: Սա նշանակում է, որ ֆինանսական ոչ մի գործարք չեն կարող անել ու ոչ միայն. «2-3 օր ավելի դեպքում հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, սառեցվում են իրենց բանկային հաշիվները, որևէ գործարք չեն կարող անել, բայց չեն արգելում գնալ-գալ: Իսկ եթե շարունակում են գնալ-գալ, 90 օրից 180 օր ավելի գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 3 տարի ժամկետով, 180-ից 270 օր ավել գտնվելու դեպքում՝ 5 տարի ժամկետով, 270 օրից ավելի գտնվելու պարագայում՝10 տարի մուտքի արգելքի ժամկետով», - ընդգծում է փորձագետը:

Երբ վարորդները զրուցում էին լրագրողների հետ, նրանցից մեկին զանգահարեց գործընկերն ու ասաց, որ իրեն 3 տարով զրկել են ՌԴ մտնելու հանրավորությունից, բայց պնդեց՝ ձեռքին եղած փաստաթղթում միայն տուգանքի մասին է գրված եղել:

«Ազատությունը» նախորդ շաբաթ էր դիմել ՆԳՆ ու ԱԳՆ, երկու կառույցներից էլ փոխանցել էին՝ տեղյակ են, որ կա այս խնդիրը, աշխատում են այդ ուղղությամբ: Արտգործնախարարությունից հավելել էին՝ համարում են, որ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները անհավասար պայմաններ են սահմանում ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար: Բայց Ռուսաստանի հետ բանակցությունների մասին պետական մարմինները որևէ նոր տեղեկություն դեռ չեն հայտնել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG