Մեքենայի ամբողջ դիմային հատվածը թալանվել է
Վազգեն Այվազյանը նոր էր մարել մեքենայի վարկը, հիմա ստիպված նորից պետք է շուրջ 1 միլիոն դրամ վարկ վերցնի, որ թալանված մեքենան վերանորոգի:
«Առավոտյան նկատել եմ, որ ավտոմեքենայիս դիմացի հատվածն ամբողջությամբ թալանվել է՝ կապոտը, շիթը և զույգ ֆառերը», - «Ազատությանը» պատմեց նա:
Նորաստեղծ ընտանիքին խիստ անհրաժեշտ ավտոմեքենայի ամբողջ դիմային հատվածը լուսաբացին են թալանել, ասաց նա: Իրենց բակում տեսախցիկներ չեն եղել, բայց դիմացի շենքինն է այդ ժամերին մարդու նմանվող օբյեկտի շարժ արձանագրել: Վստահ է՝ շենքի մոտակայքի ճանապարհների ու խաչմերուկների տեսախցիկները հաստատ ֆիքսած կլինեն այդ ժամերին մեքենաների ու անցորդների շարժը: Ոստիկնաները Վազգենի զանգից հետո արագ տեղ են հասել, իսկ քննիչը՝ 3 օր հետո:
«Քննիչը 3 օր անց ժամանել է շենքի հայաթ, որտեղ արդեն ավտոմեքենան, բնականաբար, կայանված չէր, որ հետագա իր թալանը չշարունակեն, որովհետև որքան այնտեղ կանգներ, վտանգը մեծանում էր, որ ավելի շատ կթալանեն, որովհետև որպես այդպիսին պաշտպանված չէ», - նշեց նա:
Վազգենն ասաց՝ մեքենան կնորոգի, հետո գուցե վաճառի, բայց այս նույն՝ «Շեվրոլե վոլտ» մակնիշի մեքենայից այլևս չի գնի, որովհետև հենց դրանք են հիմա գողերի թիրախում: Քննչական կոմիտեում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Համացանցում գրեթե ամեն օր այսպիսի ահազանգեր են տարածվում, Վազգենը, դրանք ուսումնասիրելով, հույսն իրավապահներից կտրել է: Հարցին, թե դատարան կդիմի՞, պատասխանեց. «Պատրաստակամություն ունեմ, բայց հնարավորություններս միգուցե թույլ չտան, որովհետև ես չգիտեմ՝ ինչքան դատավարությունը կտևի, իրավաբանն ինչքան գումար կպահանջի դրա համար»:
Նույն ձեռագրով ևս մեկ թալան
Մոտ տասն օր առաջ էլ Հարութ Սողոմոնյանի կրկին նույն մակնիշի մեքենան է նույն ձեռագրով թալանվել՝ այս անգամ Դավթաշենի նորակառույցներից մեկի բակում: Նա էլ հույս չունի, թե իրավապահները կգտնեն գողին: Մասնագետների հետ հաշվել են՝ իր վնասն ավելի քան 1 միլիոն դրամ է կազմում:
«Ոստիկանին հարցրի, ասաց, որ հազար հատ տեսախցիկ ենք նայել, բայց դեռ ոչ մի բան չկա, ու ընթացքում է: Եթե օրինակ՝ հենց այդ պահին գային, կամ մի քիչ ավելի արագ ամեն ինչ կատարվեր, միգուցե ինչ-որ բաներ կկարողանային գտնել, բայց արդեն 2 ժամ անցն էլ է ահագին բան, որ գողացողները տանեին, վաճառեին», - ասաց նա:
Հատկապես «Շեվրոլե վոլտ» մակնիշի մեքենաների ամբողջ դիմային հատվածի գողության դեպքերը մեկը-երկուսը չեն: Ֆեյսբուքում այդպիսի մի դեպքի մասին էինք գրել, մի քանի հարյուր տուժող է արձագանքել, ոմանք նաև իրենց թալանված մեքենաների նկարներն են կցել: Բոլորն էլ դժգոհ են իրավապահների աշխատանքից:
Ոստիկանությունից հերքում են գողերի հետ համագործակցելու կասկածները
Ոստիկանությունից հերքում են տուժողների կասկածները, թե իրենք համագործակցում են գողերի այդ խմբերի հետ, կամ որ լավ գիտեն, թե նրանք ովքեր են: ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ հսկողության վարչության պետի տեղակալ Գեորգի Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ առաջին օղակն իրենք են, մարդիկ դիմում են գողոնը վերադարձնելու ակնկալիքով, բայց չգիտեն, որ ոստիկանությանն ադպիսի իրավունքներ վերապահված չեն:
«Ոստիկանության գործառույթները սկսվում և ավարտվում են հանցագործություն կատարած անձին հայտնաբերելով և դեպի պատասխանատվության տանելուն ուղղված գործողություններով։ Հետևաբար, երբ նույնիսկ հանցագործության դեպքը բացահայտվում է, սակայն քաղաքացին իրենից գողացված պահեստամասը չի ստանում հետ, բնականաբար ինչ-որ առումով ոստիկանությունից կամ այլ իրավապահ մարմիններից բավարարված չի մնում», - ասաց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։
Խաչատրյանն ընդգծեց՝ ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող կետերի սեփականատերերին զգուշացնում են՝ եթե վաճառքի համար ընդունեն պահեստամասեր, անպայման վաճառողի անձնագրի պատճենն ունենան, հակառակ դեպքում՝ եթե պարզվի, որ համագործակցում են գողերի հետ, կպատժվեն: Բնակիչներին էլ խորհուրդ են տալիս մեքենաները կայանել այնտեղ, որտեղ լուսավոր է, տեսախցիկներ կան, կամ ավտոտնակներում:
Ու քանի որ մեքենաների գողության դեպքերը կանգ չեն առնում, Ոստիկանության առաջարկով այս տարվա հուլիսին օրենքում փոփոխություն է արվել՝ նախկին 2 տարվա ազատազրկումը դարձվել է մինչև 5 տարի: Ոստիկանությունը հաճախ նաև կրկնահանցագործների հետ է գործ ունենում, գողերի այս խմբերն առհասարակ մեծ չեն:
«Մենք բացահայտել ենք 202 դեպք, որից 33-ը ընդամենը երկու հոգանոց մեծ խումբ էր», - նշեց Գեորգի Խաչատրյանը:
Ի դեպ, ոստիկանության վերջերս տարածած ռեպորտաժում հայտնաբերված անձը պատժվել է տնային կալանքով:
Ավտոգողության 1443 դեպքից բացահայտվել են 318-ը
«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանն ասում է՝ ոստիկանության գրեթե բոլոր ղեկավարների հետ հանդիպումներում միշտ լսում է՝ եթե անգամ իրենք գտնում են գողերին, հետո այդ գործերը մեծ մասամբ կարճվում են, իսկ դատարաններն ամենամեղմ պատիժն են ընտրում: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ միայն անցած տարի գողությունների քրեական 1149 քրեական վարույթ է կարճվել: Իսկ Վրաստանի գործընկերները Տիգրանին պատմել են, թե ինչպես է երկիրը լուծել այս խնդիրը:
«Որտեղ որ պահեստամասեր են վաճառվում՝ կլինեն սոցհարթակներ, թե խանութներ, եթե հարկային ստուգումների ժամանակ կամ պարբերաբար ոստիկանության ուսումնասիրությունների ժամանակ պարզվի, որ իրենք ունեն պահեստամասեր, որոնց մասով չունեն համապատասխան փաստաթուղթ, այդ մարդիկ կալանքի կենթարկվեն, և դրանով արգելվել է առանց հիմնավորված փաստաթուղթ ունեցող պահեստամասերի վաճառքը», - նշեց նա։
Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրվել է ավտոգողության 1443 դեպք, բացահայտվել են 318-ը։ 644-ը կողային հայելիների դեպքեր են, սրանցից բացահայտվել են 158-ը։ Ամենաքիչ բացահայտումները համարանիշերի դեպքում է՝ 95-ից միայն 6-ն են բացահայտվել: Իսկ այլ ավտոմասերի գողության 678 դեպքից 147-ի հեղինակն է հայտնաբերվել: Ոստիկաններն ասում են՝ առավել դժվար են բացահայտում այն դեպքերը, երբ գողը Տելեգրամով է գողոնը վաճառում: Փաստացի՝ եթե գործը ոստիկանությունից հասնի Քննչական, այնտեղ չկարճվի ու դատարան ուղարկվի, այդ դեպքում միայն տուժողը կարող է փոխհատուցում պահանջել:
Ի դեպ, եվրոպական շատ երկրներում ապահովագրական ընկերություններն են այսպիսի դեպքերում փոխհատուցում վարորդներին, գործն իրավապահներին հիմնականում չի էլ հասնում: Իսկ Հայաստանում, ըստ տուժած վարորդների, այդպիսի ապահովագրության փաթեթն անիրատեսական թանկ արժե, սովորականներն էլ միայն վթարների դեպքում են փոխհատուցում տրամադրում: