Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները», - հայտրաարել է Բայրամովը Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում՝ նվիրված օգոստոսի 7-8-ը երկրի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։
Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը երկու նախապայման է ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը համատեղ դիմեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով:
Բայրամովը մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից
Բայրամովը որոշ մանրամասներ է հայտնել հայկական կողմի հետ բանակցային գործընթացից, մասնավորապես պնդել, թե մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը «հրաժարվում էր ընդունել» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք դրույթներ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի Երևանն ընդդիմանում էր ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման անթույլատրելիությանը, դատական հայցերի հետկանչմանը։ Բայրամովի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։
«ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հիշեցնելով Բաքվի մյուս պահանջի մասին հայտարարել , թե Ադրբեջանն ակնկալում է, որ Երևանը կփոխի Հայաստանի Սահմանադրությունը։