Նուբարաշենի աղբավայրում կեսգիշերին բռնկված հերթական հրդեհը ոչ թե պատահականության, այլ՝ դիտավորության հետևանք է, ուղիղ եթերում այսօր պնդեց Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը, սակայն, չբացահայտեց՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, միայն ասաց, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Ներքին գործերի նախարարի հետ։
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, և ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չիկարող մնալ անպատասխան; Միաժամանակ, խստացվել են աղբավայրի տարածք մւտքի և ելքի ռեժիմները», - հայտարարեց քաղաքապետը:
Ներքին գործերի նախարարությունից այսօր չհաջողվեց պարզել՝ արդյոք աղբավայրում հրդեհի առնչությամբ ձերբակալված անձ կամ անձինք կան։
«Ազատության»՝ ցերեկն արված կադրերում երևում են կրակի բոցերն ու ծխի մեծ ամպերը:
Ըստ Ավինյանի՝ հրդեհը երեկոյան կողմ արդեն հաջողվել է մարել, աշխատանքներ են տարվում աղբավայրի ծխացող վերջին հատվածները չեզոքացնելու համար։
Ամռան ամիսներին Նուբարաշենում հրդեհները պարբերական են։ Վերջին մեծ՝ օգոստոսին բռնկված հրդեհը մի քանի օր տևեց։ Այդ դեպքում, սակայն, քաղաքապետարանից պնդում էին, թե աղբավայրում շոգից՝ ապակու մնացորդներից բռնկումներ են տեղի ունենում, աղբի տակ կուտակված մեծ քանակությամբ մեթան գազն էլ նպաստում է կրակի տարածմանը։
1950-ականներին ձևավորված աղբանոցը Հայաստանում ամենամեծն է համարվում. ավելի քան 52 հեկտար՝ ֆուտբոլի 72 դաշտի չափ տարածք զբաղեցնող աղբավայր տարեկան 300 հազար տոննայից ավելի թափոն է տեղափոխվում, այդ թվում՝ վտանգավոր, ինչպես, օրինակ, մարտկոցներ, սնդիկով ջերմաչափեր, էլեկտրոնային սարքավորումներ։ Աղբանոցը որևէ միջազգային չափանիշի չի հաապատասխանում, աղբը չի տեսակավորվում, բաց աղբավայրն անգամ ցանկապատված չէ։
Գիտական ուսումնասիրություններն են հաստատում՝ նման տեսակի աղբանոցներում թափոնների այրումներից արտանետվող ծանր մետաղներն ու գազերը շնչառական, սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառներից են։ Օրինակ, ըստ այդ ուսումնասիրությունների, որոշ պլաստմասսաներ արտանետում են հատկապես քաղցկեղածին կամ թունավոր գազեր:
Երևանի քաղաքապետարանում էլ են ընդունում՝ Նուբարաշենի աղբանոցը վտանգում է երևանցիների առողջությունը, ու պարբերաբար խոստանում լուծել այդ հարցը։
«Մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը: Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը», - վստահեցրեց Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը սակայն, առաջին անգամ չէ, որ խոստանում է կոնսերվացնել Երևանի Կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբայրը։ Առնվազն երեք անգամ հետաձգվել են աղբանոցի շինարարությունը սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետները։