Մատչելիության հղումներ

Ովքե՞ր են պայքարում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար


«Իհարկե, եկել եմ, որ ՔՊ-ն պարտվի», - բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այս համոզմունքով է մասնակցում Էջմիածնի համայնքապետի ընտրություններին: Նա Ազգային անվտանգույթան ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցության թեկնածուն է:

«Եթե էջմիածնեցին հասկանում է, որ շատ հանգիստ կարող է իր քաղաքը լքել, գնալ, ես ոչնչով օգնել չեմ կարող, բայց ես եկել եմ ասելու, որ կա ամուր բազուկ, կամք, կարողություն, որ միասին այս քաղաքը փրկենք, այս քաղաքը պահենք ապրեցնող լույսերի մեջ», - ասում է «Հայրենիք» կուսակցության թեկնածուն։

Էջմիածնում ծնված, մեծացած Խաչիկ Մանուկյանը ընտրողներին խոստանում է անվտանգություն ու ապահովություն, որ, ինչպես ինքն ասաց՝ Արցախից հետո Փաշինյանի ձեռքերը չհասնեն Հայաստանի համայնքներին. «Կա՛մ պիտի լինես ճշմարտության ու հաղթանակի կողքը, կա՛մ բացահայտ պարտության, դավաճանության, ստի, կեղծիքի, ինչը, որ բերել են։ Թող մարդիկ ընտրեն. իրենց սուտը դո՞ւր է գալիս, ուզո՞ւմ է սուտ ապրի, պղպջակ դառնա, պայթի, գնա, թե ուզում է արմատ ունենա», - ասում է Խաչիկ Մանուկյանը։


Մեկ ամսից Վաղարշապատ համայնքում ընտրություններ են: Քարոզարշավը դեռ չի սկսվել, նախընտրական կրքերը դեռ չեն եռում, քաղաքի փողոցներում բազմազան խոստումներով պաստառներն էլ դեռ չկան: Համայնքապետի պաշտոնի համար ինը քաղաքական ուժ է պայքարում: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է՝ կոռուպցիոն սկանդալով հեռացած Դիանա Գասպարյանից հետո նա է համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը: Արգիշտի Մեխակյանի հետ զրուցել չհաջողվեց: Քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցն արգելեց մեզ մոտենալ նրա աշխատասենյակին:

Ըստ մամուլի՝ էջմիածնում իշխանության մրցակիցը «Դաշնակցությունն» ու «Առաջ» կուսակցութունների՝ «Հաղթանակ» դաշինքն է: Նրանց թեկնածուն էլ Սևակ Խաչատրյանն է, որ նախորդ ընտրություններում էլ իշխանության գլխավոր մրցակիցն էր: 38 տոկոս քվե ստացավ, վստահ է՝ այս անգամ ավելի շատ կհավաքի ու կհաղթեն: «ՔՊ-ականները ես վստահ եմ, որ պարտվելու են, ոնց մարտի 30-ին պարտվեցին Փարաքարում և Գյումրիում, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ եմ, որ վաղարշապատցին թե՛ Խոյ համայնքի գյուղաբնակ ժողովուրդը, թե՛ Էջմիածին քաղաքի ժողովուրդը մեզ վստահության քվե են տալու, - ասաց նա։

Սևակ Խաչատրյանը տնտեսագետ է, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն էր: Ընդդիմության հավաքների ակտիվ մասնակից է: Կարծում է՝ այստեղ էլ ընտրությունները կավարտվեն Գյումրիի ու Փարաքարի արդյունքներով՝ իշխող ուժը կպարտվի: Նրա կարծիքով՝ Փաշինյանի թիմի վարկանիշի վրա բացասաբար է ազդել նաև Մայր Աթոռի դեմ արշավը:

«Իրենց աշխատանքի արդյունքում՝ իրենց գնահատականը կտրուկ նվազել է, գնահատականի բարձրացման որևէ գործիք չեն ունենալու և իրենց գործիքները չեն աշխատելու», - ընդգծում է Խաչատրյանը։

Սևակ Խաչատրյանը մեղադրում է, որ վարչական լծակները օգտագործվում է նախընտրական նպատակներով: Արգիշտի Մեխակյանը քաղաքական հակառակորդին պատասխանել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակով»: Թե իրեն զրպարտում ու սևացնում են: Համայնքի բնակիչների հետ հանդիպում է աշխատանքի բնույթից ելնելով:

«Ակնհայտ է իրենց վախվորած վարքագիծը, որովհետև այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը ցույց է տվել և ցույց է տալիս, որ ունակ է քաղաքացիների կարիքները բավարարել և ունակ է ռեալ ծրագրեր մշակել՝ ի նպաստ համայնքի զարգացման ու բարգավաճման, - հայտարարել է Արգիշտի Մեխակյանը։

Վաղարշապատի ժամանակավոր պաշտոնակատարը մրցակիցներին հորդորում է սպասել նոյեմբերի16-ին: Վաղարշապատ խոշորացված համանքի ղեկավարի համար պայքարում է նաև Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը, ընդդիմադիրներից Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանը», «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն» կուսակցությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG