Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու մեջ։
Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմում, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել ու որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել:
«Ես ընդամենը անորս՝ Արմանին, ասել եմ՝ Արման, թող արի, ես ամսուկես է բողոքում եմ, ոչ մի բանի տեղ չի դնում, արի, վաղը կգնանք մարզպետարան: Էդ բառից հետո հենց քաղաքապետը ինչ բերանին եկած էն այլանդակ բառերով, սեռական բառերով, ինչ լկտի բառ ասես ինձ ասել է, ու պլյուս դրան քացով էն որ...աջ ու ձախ բռունցքները... մարդիկ չթողեցին, մինչև մեքենայիս մոտ հազիվ փախել եմ, որ ինձ չսպանեն։ էդ ի՞նչ է, իրենց կարելի՞ է նման բան», - պատմեց քաղաքացին:
Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այսօր մեր հարցերին չպատասխանեց, ասաց՝ բերքի տոնի է, զբաղված է: Փոխարենը Սպիտակի կազմում գտնվող Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը պաշտպանեց իր վերադասին, հերքեց Գագիկ Էմինյանի մեղադրանքները, ասաց՝ հնարավոր բան չէ, որ համայնքի ղեկավարը բնակչի վրա ձեռք բարձրացներ:
«Համայնքապետը էնքան զուսպ, էնքան կիրթ, էնքան բարի մարդ է, էդ ինչ ասում են, լրիվ աբսուրդ է։ Սուտի-մոտի բաներ են ասում, իրանք տենց շառլատան մարդիկ են։ Կարող է ասեն՝ ես էլ եմ ծեծել։ Ի՞նչ կա որ», - ասաց Քարաձորի վարչական ղեկավարը:
Քաղաքացին ջրի հարցով էր համայնքապետարան գնացել
Քարաձորցի 35-ամյա Գագիկ Էմինյանը տնակում է ապրում իր բազմանդամ ընտանիքի հետ: Ասում է՝ մշտապես ջրի խնդիր է ունեցել: Թեև իր բազմաթիվ բողոքներից հետո եկել, իրենց թաղամաս ջուր են քաշել, բայց, ըստ իրեն, տուն հասնող ջրի խողովակները նեղ ու անորակ են, մշտապես խցանվում են, եկած ջուրն էլ մուգ գույնի է, խմել հնարավոր չէ: Քաղաքապետարան այս բողոքներով է գնացել:
«Ամբողջ գյուղի համար ծրագիրը կա, որ ամբողջ գյուղ ջրերը պետք է փոխեն, մեր թաղի գիծը չէին փոխել, մենք էլ գնացել բողոքել ենք, եկել կիսատ-պռատ են դրել, մենք էլ ջուր չունենք, ընդամենը բարակ ջուր է գալիս», - ասում է Էմինյանը:
Վարչական ղեկավարը հերքում է
Գյուղի վարչական ղեկավարը սա էլ է հերքում: Ասում է՝ ամեն ինչ արել են, որ Գագիկը ջուր ունենա: Նրա բողոքներն անհիմն է համարում ու նշում, թե համագյուղացիների հետ ունեցած հակասությունների պատճառով են Գագիկի բողոքները. «Ես չեմ ուզում ասեմ չակերտավոր բաները իրանք անձնական հարցեր ունեն, էդ ում որ ջուր ենք տվել, դիտավորյալ գնացել են բողոք արել»:
Սպիտակի ղեկավարն ու որդին՝ սկանդալի կենտրոնում
Երկու տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ էին երևացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրներին, այդ թվում՝ անջուր ոռոգման սեզոնի մասին խոսելու: Սա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ քաղաքապետի սրտով չէր եղել։ Կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրի, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանն իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան խանութ մտնելիս ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: Գործը մեկ տարի քննելուց հետո՝ անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի «Հայփոստի» տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:
Համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում անցած շաբաթ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է այցելում «Հայփոստի» Սպիտակի բաժանմունք՝ շնորհավորելու որդուն ու նրա աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա առթիվ: Նա գրկախառնություններով ու ձեռքսեղմումներով էր շնորհավորում պաշտոնյա որդուն: Վերջինս էլ տորթի մոմերն էր փչում ու ծափերի արժանանում:
Քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող քարաձորցի Գագիկ Էմինյանն ասում է՝ դեպքից անմիջապես հետո ոստիկանություն է դիմել: Պնդում է, որ տարածքում տեսախցիկներ են եղել, պետք է որ արձանագրեին ամբողջ եղելությունը:
Արդյո՞ք դրանք հաշվի կառնվեն, արդյոք դեպքը քննության առարկա կդառնա, թե ոչ, դեռ հայտնի չէ: Քննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին՝ դեռ այս փաստով քրեական վարույթ չկա: