Մատչելիության հղումներ

Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը մերժվել է

Լրացված

Ադրբեջան - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, մարտ, 2025թ.
Ադրբեջան - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, մարտ, 2025թ.

Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջորդությունը: Նախօրեին կայացած դատական նիստում Արցախի նախկին պետնախարարը միջնորդել էր Հայաստանի վարչապետից բացի հարցաքննել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:

Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը, սակայն, նշել է, որ Հայաստանի վարչապետը, ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ, և պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության: Գործով տուժողները ևս պնդել են մերժել միջնորդությունը:

Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ: Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստերը լուսաբանում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, որն այս մասով որևէ տեղեկություն չի հայտնում: Բաքվի զինվորական դատարանն, ամեն դեպքում, որոշել է չքննել Վարդանյանի այս միջնորդությունը:

Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև պնդել է, որ ինքը զինծառայող չէ, և համաձայն չէ, որ իրեն վերագրվող քրեական գործը քննվում է զինվորական դատարանում: Ի պատասխան, գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, հետևաբար նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը, և պահանջել է այս միջնորդությունը ևս չքննել:

Ավելի քան երկու տարի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, իսկ Արցախի պետնախարարի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։

Մերժելով բոլոր այս մեղադրանքները՝ Ռուբեն Վարդանյանը նախօրեին դատարանում նաև հայտարարել է, որ չի ընդունում սահմանը ապօրինի հատելու հերթական մեղադրանքը: Այս առումով Վարդանյանը միջնորդել է, որպեսզի հարցաքննվեն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարները:

Ի պատասխան՝ դատավոր Զեյնալ Աղաևը պնդել է, թե ռուսական խաղաղապահ ուժերը որևէ կապ չունեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքի հետ, և հետևաբար այս միջնորդությունը ևս հրաժարվել է քննել:

Շուրջ ութ ամիս շարունակվող դատական նիստերում Ռուբեն Վարդանյանի գործով ցուցմունքներ են տալիս անձինք, որոնք պնդում են, թե տարբեր տարիներին վնասվածքներ են ստացել հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում:

Նախօրեին ցուցմունքներ են տվել մի քանի տասնյակ զոհված անձանց հարազատները, ինչպես նաև վիրավորումներ ստացած քաղաքացիներ, հերթով պատմել են, թե որտեղ և ինչ զինատեսակից են վիրավորվել: Ըստ «Ազերթաջ»-ի՝ Ռուբեն Վարդանյանը հարցեր է տվել տուժողներին, դրանց բովանդակությունը, սակայն, ադրբեջանական պետական լրատվամիջոցը չի հրապարակել:

Ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը՝ ըստ Մեսրոպ Առաքելյանի

«Ես չունեմ որևէ փաստ, ընդամենը դրանք հաղորդագրություններ են». - գերեվարված Ռուբեն Վարդանյան նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, կասկածի տակ դնելով փակ դատավարության մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկությունները, չի բացառում, որ այն, ինչ վերագրվում է Վարդանյանին, կարող է և կեղծ լինել:

Հետևաբար, հրաժարվելով մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդության մասին տեղեկությունը, Մեսրոպ Առաքելյանը միայն նշում է, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը. տվյալ դեպքում՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Բաքվի բանտերում պահվող հայերին, ամբողջությամբ կեղծ են:

«Այն մեղադրանքները, որ ներկայացվում են, որ սկսած 1988 թվականից մինչև 2023 թվականը Արցախի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունները դրանք ահաբեկչական գործողություններ էին, այնինչ ակնհայտ է, որ Արցախի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել պատերազմ, Արցախը ինքնապաշտպանությունից ելնելով ստիպված ռազմական գործողությունների մեջ է ներքաշվել է, որի շրջանակներում և՛ ՄԱԿ-ի, և՛ ԵԱՀԿ-ի, հետագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արձանագրված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնց կողմ է կազմում նաև Հայաստանը: Հետևաբար Հայաստանը ունի լիարժեք հնարավորություններ՝ այդ փաստերը ներկայացնելով գոնե միջազգային հանրությանը ապացուցել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն», - ասաց Առաքելյանը:

Արցախից Հայաստան ուղևորվելու ճանապարհին 2023-ի սեպտեմբերին գերեվարված Ռուբեն Վարդանյանի գործը Ադրբեջանն առանձնացրել է Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վարույթից և առանձին է քննում: Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 23-ին է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG