Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Օհանավանի Հովհաննավանք եկեղեցու՝ մասնակցելու կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած կիրակնօրյա պատարագին:
Մայր Աթոռը նրան կարգալույծ է հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը դեռ նախորդ շաբաթ «հոգեկործան նախաձեռնություն»՝ անվանել՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:
Զուգահեռ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնվում է Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձը։ Սկևռայի սրբոց մասանց պահարանը բերվեց Մայր տաճար:
Փաշինյանն այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցով տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կրկին խոսել էր Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից ազատելու մասին:
«Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր և բարոյական նորոգման օրակարգն է: Մեր Սրբության սրբոցը Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր Սրբության սրբոցին», - ասել է Փաշինյանը:
Այստեղ են «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ ու աջակիցներ, այդ թվում՝ ԱԺ նախագահը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ:
Եկեղեցին հայտարարել է՝ Հովհաննավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, այնտեղից չհեռացող Ստեփան Ասատրյանի քայլն էլ ապօրինի ներխուժում է: ՀԱԵ-ն դիմել է ոստիկանություն: