Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ»-ն այսօր խորհրդարան է ներկայացրել «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման հիմքերով վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծ, որն առաջիկայում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:
Ընդդիմադիր խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու մի շարք հիմնավորումներ է ներկայացնում՝ Փաշինյանի կառավարությունը խարխլել է ազգային անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարվել է, թշնամական ուժերն էլ 2021-ից տարածքներ են գրավել սահմանամերձ շրջաններում։
«Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան», - ասված է նախագծում։
Անվստահություն հայտնելու հայտարարության նախագծում նաև նշվում է, որ կառավարությունն իր միակողմանի զիջումները քողարկում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, որը հանգեցնում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ:
Արցախի հարցում «Պատիվ ունեմը» մեղադրում է Փաշինյանին հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումները ոչնչացնելու, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմի և հետո արդեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:
Սերժ Սարգսյանի առաջնորդած խմբակցությունը նաև արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերել Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող գերիներին Հայաստան վերադարձնելու համար:
Մանրամասն ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը, «Պատիվ ունեմը» եզրահանգում է, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը, և որ նրա պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի համար։
Ստեղծված իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ընդդիմադիր խմբակցությունը համարում է խորհրդարանի կողմից վարչապետին անվստահություն հայտնելը, որը ենթադրում է գործընթացի շուրջ պատգամավորների համախմբում, անցումային կառավարության ձևավորում, ապա և ազատ ու արդար ընտրությունների անցկացում:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմփիչմենթի կազմակերպմամբ և հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցեն մեր բոլոր գործընկերները, որովհետև ընտրությունները այսպես թե այնպես լինելու են, իսկ մինչ այդ Փաշինյանը այնքան անդառնալի բաներ կարող է անել, որ արդեն բավական ուշ կլինի», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ի դեպ, անվստահության գործընթացի շրջանակներում խմբակցությունն առաջիկայում ծրագրում է նաև խորհրդարանական լսումներ հրավիրել: Մամիջանյանը նշում է, որ պատրաստ են լսել ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ նաև այլ առաջարկներ:
«Մենք ակնկալում ենք առաջին հերթին լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում իշխանափոխությունը Հայաստանում: Մեր առաջարկն այդ պարագայում իմփիչմենթի, իսկ եթե իրավական տերմինով՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության շրջանում և արդեն նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների կկարողանանք ձևավորել կոնսենսուս և միահամուռ արդեն առաջարկը ներկայացնել մեր քաղաքացիներին», - շեշտեց պատգամավորը:
Հերթական մերժումն է ստանալու. ՔՊ-ից արձագանքում են
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից արդեն հայտարարում են՝ մերժելու են «Պատիվ ունեմի» անվստահության նախագիծը: Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ՝ սա շատ լավ գիտակցում է նաև «Պատիվ ունեմը», բայց իրենց այս քայլով ընդամենը ցանկանում են, նրա խոսքով, «պտիչկա դնել»՝ ցույց տալու, որ ինչ-որ բան են անում:
«Վստահորեն կարող եմ ասել, որ դա հերթական մերժումն է ստանալու, բայց այս մարդիկ մազոխիստ են, սիրում են, որ անընդհատ իրենց մերժես, հերթական հնարավորությունն է: Մեծ սիրով սպասում ենք իրենց նախագծին թե հանձնաժողովում, թե հետո լիագումարում, - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, - Իրենք՝ ամբողջ ընդդիմությունը մի օրակարգ չէ՞ ուներ, ասում էին՝ մենք պետք է հեռացնենք այս իշխանություններին, հիմա տեսնում են, որ հետհաշվարկ է սկսված, մի քանի ամիս է մնացել հերթական ընտրություններին, և իրենք ոչինչ չեն կարողացել անել»:
Հակադարձելով պնդումներին, որ Փաշինյանը խարխլել է ազգային անվտանգությունը, ՔՊ-ական պատգամավորը հիշեցնում է, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր է նախաստորագրել, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ կապված գործուն քայլեր են իրականացվում, որին աջակցում է ԱՄՆ-ն, և արդեն ներդրումներ են արվում այդ ուղղությամբ:
«ԱՄՆ նախագահին ի՞նչ էինք արել, կուտ էի՞նք տվել, որ այդ մարդը նստի ու թուղթ ստորագրի, դա Թրամփը չէր, Մուլյնա՞ժն էր դրած», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, թե Փաշինյանը կորցրել է իր լեգիտիմությունը, Հակոբյանն արձագանքեց. «Ո՞վ է դա որոշում, անցողիկ շոմը չանցած խմբակցությո՞ւնը, 7 հոգով եկել են, մնացել են 4.5 հոգի, իրե՞նք են խոսում լեգիտիմությունից»:
«Պատիվ ունեմ»-ի կողմից սա վարչապետին անվստահություն հայտնելու հերթական նախաձեռնությունն է, նախորդ փորձերը տապալվել են:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման գործընթաց սկսելը լուրջ չէր համարել: Իսկ նրա առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկել էին հանրապետականներին նախ ստանալ իշխող ՔՊ-ական պատգամավորների ձայները:
Խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները չեն բավարարում անգամ, որ նրանք խորհրդարանին որոշման նախագիծ ներկայացնեն:
«Պատիվ ունեմ»-ը ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստանը»՝ 28, այսինքն՝ անհրաժեշտ 36-ի փոխարեն միասին 34 ձայն: Իսկ որպեսզի նախագիծը ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առանց Փաշինյանի մոտ երկու տասնյակ թիմակիցների, իմփիչմենթ տեղի չի ունենա: