Մատչելիության հղումներ

Պաշտոնավարման մեկ տարին չբոլորած՝ Ֆրանսիայի վարչապետը հրաժեշտ կտա պաշտոնին


Պաշտոնավարման մեկ տարին չբոլորած՝ Ֆրանսուա Բայրուն հրաժեշտ կտա Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին՝ էլ ավելի խորացնելով քաղաքական անորոշությունը երկրում և ճգնաժամը եվրագոտու երկրորդ խոշորագույն տնտեսությունում։

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է անվստահության քվե տալ Բայրուին՝ ծայրահեղ այդ քայլին դիմելով փոքրամասնության վարչապետի վճարահույց առաջարկի պատճառով։

Բայրուն Ֆրանսիայի արտաքին պարտքը կրճատելու համար անհրաժեշտ է համարում 44 միլիարդ եվրոյի խնայողությունները։ Ընդդիմադիրների հաշվարկներով հսկայածավալ գումարները պարտքի մարմանն էին ուղղվելու՝ խոցելի խավի հաշվին։

Թե՛ ձախերը, թե՛ աջերը հայտարարել են, որ մտադիր են «ոչ» ասել Բայրուի կենտրոնամետ կառավարությանը

Խորհրդարանի հատուկ նիստում, որի ավարտին նախատեսված է վարչապետի անվստահության քվեարկություն, Բայրուն վերջին ջանքերն էր գործադրում՝ ընդդիմախոսներին համոզելու, որ սոցիալական ծախսերի կրճատումը միակ իրական ելքն է ճգնաժամը հաղթահարելու՝ առավելագույնի հասած արտաքին պարտքը կրճատելու համար։ Ֆրանսիական կառավարության ղեկավարը պնդեց՝ պետական չնվազող պարտքերը ոչ միայն ծանր բեռ են հետագա սերունդների համար, այլև երկիրն են խոցելի դարձնում օտարերկրյա վարկատուների աչքում. «Եթե մենք չլուծենք պարտքերի հարցը, այլևս չենք կարողանա վարկեր վերցնել ։ Օրենսդիրներն, իհարկե, կարող են տապալել կառավարությունը, բայց իրականությունից փախչել հնարավոր չէ»:

Ի սկզբանե խորհրդարանի բոլոր ընդդիմադիրները՝ թե՛ ձախերը, թե՛ աջերը հայտարարել են, որ մտադիր են «ոչ» ասել Բայրուի կենտրոնամետ կառավարությանը։ Այսօր էլ վերահաստատում էին՝ նախագահ Մակրոնի երկրորդ վարչապետը մեկ տարվա ընթացքում վերստին ձախողել է արդյունքների հարցում։ Նոր ընտրություններ,- հայտարարեց աջակողմյան ուժի ներկայացուցիչ Ժյուլիեն Օդուլը. «Մենք այս մասին ասել ենք թե՛ ժողովրդին, թե՛ նախագահին իրավիճակի թուլացման համար այլ ելք, քան ընտրություններն են՝ չկա։ Մնացած բոլոր հնարքները արդեն կիրառվել են: Կենտրոնամետ կոալիցիայից մեկ այլ վարչապետի նշանակումը, ի վերջո, կունենա նույն հետևանքը՝ կլինի դա մի քանի շաբաթից, թե ամսից, մենք արդեն շատ ժամանակ ենք կորցնում մեր երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար», - ասել է Օդուլը։

Ծայրահեղ ձախերից պատգամավոր Էրիկ Կոկերելի համոզմամբ էլ՝ Բայրուի հեռանալն արդեն «թեթևացում կլինի շատ ֆրանսիացիների համար.
«Ֆրանսուա Բայրուն այսօր երեկոյան կհեռանա, և այդ փաստը որևէ ափսոսանք կամ թախիծ չի առաջացնի»։

Ինքը՝ Բայրուն, թեև այսօր մի քանի ժամ խորհրդարանում համառորեն պաշտպանում էր իր ներկայացրած ծրագիրն, այդուհանդերձ ինքն էլ ըստ էության, հրաշքների չի հավատում։ Ֆրանս պրես գործակալությունը գրում է, որ արդեն երեկ նա իր կաբինետի անդամներին հրավիրել էր հաժեշտի երեկույթի:

74-ամյա Ֆրանսուա Բայրուն Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորում է անցած տարվա դեկտեմբերից՝ խոստանալով միավորել բոլորին։

Մինչդեռ 9 ամիս անց, ինչպես ֆրանսիական մամուլն է նկատում, այդ հարցում որևէ առաջընթացի չհասավ, նույնիսկ գործընկեր սոցիալիստներին չկարողացավ համոզել։

Առաջիկա ժամերին ֆրանսիայի խորհրդարանում մեկնարկող փակ գաղտնի քվեարկության կանխատեսելի արդյունքները նախագահ Մակրոնին կրկին կստիպեն գնալ իր պաշտոնավարման ամենավճռորոշ քայլերից մեկին՝ նշանակել յոթերորդ վարչապետ՝ փոխզիջման հասնելու փորձ կատարելու համար կամ գնալ արտահերթ ընտրությունների՝ հուսալով, որ նոր խորհրդարանն ավելի հարմար դասավորվածություն կունենա։

Աջերը նոր ընտրություններ են պահանջում, ձախերն էլ Մակրոնի հեռացումը։ Նախագահը դեմ է երկու տարբերակին էլ։

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար եվրոպական ջանքերի վրա կենտրոնացած Ելիսեյան պալատի ղեկավարի հետ, ի տարբերություն ուկրաինացիների կամ դաշնակիցների, երկրի ներսում նույնքան հույսեր չեն կապում: Համենայն դեպս, ըստ ֆրանսիական առաջատար պարբերականներից մեկի՝ Le Figaro թերթի պատվերով անցկացրած հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 64 տոկոսը ցանկանում է, որ Մակրոնը հեռանա, իսկ 77 տոկոսն ասել է, որ նախագահի աշխատանքն իրենց չի գոհացնում։

Ֆրանսիայի առաջնորդը, մինչդեռ, ընդդիմախոսներից է պահանջում «պատասխանատվություն» դրսևորել Ֆրանսիայի «կայունությունն» ապահովելու համար։ Նախօրեին նա հայտարարում էր, թե «աշխարհը վերաձևավորվում է, ինչը փոփոխություն է Եվրոպայի համար, և այդ համատեքստում Ֆրանսիան պետք է շարունակի առաջ շարժվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG