Ինքն իրեն հակասող ուղերձ ու պատասխանատվությունից խուսափելու փորձ. ընդդիմությունից այս որակումն են տալիս վարչապետ Փաշինյանի նոր բացատրությանը, թե ինչո՞ւ պատերազմից խուսափելու համար նախքան 2020 թվականի սեպտեմբերի արյունալի պատերազմը զիջումների չգնաց:
«44-օրյայից հետո ամեն անգամվա իրար հակասող, պատմության հետ աղերս չունեցող, փաստական հիմք չունեցող բոլոր հայտարարությունները խոսում են մեկ բանի մասին՝ չքմեղանալ, ազատել իրեն այն բոլոր պատասխանատվություններից, որ բնականաբար, պետք է կրեր որպես երկրի ղեկավար ներկայացող կամ ղեկավարի աթոռը զբաղեցնող անձ», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ հրապարակած ուղերձում Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ եթե զիջումների գնար, գուցե Հայաստանը պետականությունը կորցներ. «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»:
44-օրյա պատերազմից 5 տարի անց իր այս նոր պնդումը Փաշինյանը որևէ կերպ չի բացատրում: Զիջումների գնալով ինչո՞ւ էր Հայաստանը կորցնելու անկախությունը, առանց հազարավոր զոհերի առաջարկվող պայմաններին համաձայնելն այդ ինչպե՞ս էր անհամաչափորեն մեծացնելու եղած բոլոր սպառնալիքները. այս հարցերին վարչապետը չի անդրադարձել:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը պնդում է՝ Փաշինյանի գնահատականները հակասում են նախորդ տարիներին արված իր հայտարարություններին:
«Ինչպես Արցախի ապագայի, 44-օրյա պատերազմի, այնպես էլ հայ ժողովրդի վերջին 35 տարիների, ամբողջ ղարաբաղյան պայքարի մասին: Սեփական հանցանքները և զանցանքները կոծկելու փորձերն այնքան իրարամերժ են դարձնում, որ համատեղելով իր նախորդ բոլոր հայտարարությունները կարելի է մի ամբողջ հաստափոր քրեական գործ ուղղակի ձևակերպել ու վերջացնել», - ասաց Մանուկյանը:
Ի՞նչ բացատրություններ ու պարզաբանումներ էր տալիս վարչապետը նախորդ տարիներին. զիջումների ու պետականության հնարավոր կորստի միջև կապի մասին Փաշինյանը նախկինում չի խոսել: Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից. այս հարցադրումն առաջին անգամ վարչապետն արեց 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը՝ Ազգային ժողովի ամբիոնից. երկընտրանքն, ասում էր, հետևյալն էր՝ կա՛մ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանալ պատերազմ:
«Պիտի անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, եթե ոչ ինքնավար մարզ.... ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել», - հայտարարել էր Փաշինյանը:
Այն ժամանակ դահլիճից «ոչ» վանկարկումներ հնչեցին:
Պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի դեկտեմբերին Փաշինյանը վերադարձավ նույն հարցադրմանը. «Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, հետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարևանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ»։
Այն ժամանակ վարչապետը լոկ ֆեյսբուքյան գրառմամբ չբավարարվեց. մի քանի օր անց «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով ծավալուն հոդված հրապարակեց՝ հանձնվել, թե՞ չհանձնվել, վերլուծում էր Փաշինյանը:
«Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաև 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ»:
Նույն հոդվածում Փաշինյանը պնդում էր՝ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ այն վճռական պահն էր, երբ պետք էր միակողմանի զիջումների գնալ:
Ամիսներ անց արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելիս Նիկոլ Փաշինյանը դարձյալ պատերազմից խուսափելու տարբերակներից էր խոսում. «Ձև կար, էդ ձևը հետևյալն էր. բոլոր 7 շրջանները հանձնել՝ առանց պայմանների և Ղարաբաղի կեսն էլ հանձնել՝ ներառյալ Շուշին: Ղարաբաղի էն մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ... Էս էր գինը»:
2022-ին՝ մինչ Արցախի հայաթափումը վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից աղմկահարույց հայտարարություն արեց՝ դարձյալ ընդունելով՝ պատերազմից կարելի էր խուսափել. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի, էս նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»:
Հարցի շուրջ Փաշինյանի հռետորաբանությունն անցած տարի փոխվել էր. կրկնելով պատերազմից խուսափելու պայմանները՝ վարչապետն ավելի քան մեկ տարի առաջ պնդեց՝ եթե անգամ գնային այդ քայլերին՝ պատերազմը, միևնույնն է, անխուսափելի էր: Իր այդ պնդումը Փաշինյանը փաստերով չէր հիմնավորել. «Նախ էս ամեն ինչը պետք անեինք պատերազմից խուսափելու համար, բայց էս ամեն ինչը անելուց հետո պատերազմը մնում է նույնքան անխուսափելի...»:
Այժմ արդեն Փաշինյանը հայտարարում է, թե ժամանակին արված զիջումները կհանգեցնեին պետականության կորստին՝ այսպիսով, ըստ էության, լրացնելով իր մեկ այլ աղմկոտ հայտարարություն, թե՝ «պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»: