Այսօր Մոսկվայում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք գերատեսչությունների՝ այդ թվում բոլոր հատուկ ծառայությունների և Պաշտպանության նախարարության ղեկավարներին հանձնարարել է իրենց նկատառումները ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների վերսկսման վերաբերյալ։
Այս թեման հրատապ է դարձել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն Վաշինգտոնը «անհապաղ վերսկսում է միջուկային սպառազինության փորձարկումները»։
«Միացյալ Նահանգների կողմից միջուկային զենքի փորձարկումների վրա սահմանված մորատորիումից հրաժարվելը տեղավորվում է գլոբալ ռազմավարական կայունության համակարգի ոչնչացման՝ Վաշինգտոնի գործողությունների տրամաբանության մեջ»,- այսօր Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։