Չնայած ՔՊ-ական Սասուն Միքայլելյանը կուսակցության վարչության ընտրություններին պատգամավոր Արուսյակ Մանավազյանից ավելի շատ ձայներ է ստացել, միևնույն է՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմնի նոր կազմում չի լինելու:
Կուսակցության սահմանած քվոտայով վարչության անդամներից առնվազն 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչներ, այս դեպքում 416 քվե ստացած Սասուն Միքայելյանի փոխարեն նախապատվությունը տրվել է 405 ձայն ստացած Արուսյակ Մանավազյանին:
«Սահմանված է եղել քվոտա, բնականաբար, ու դա էլ գործել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանից, որ «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից է, իր չընտրվելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Բացի Միքայելյանից, չեն ընտրվել նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Գործող վարչության մյուս՝ 11 անդամները վերընտրվեցին:
«24-ժամյա ժամկետ է եղել բողոքարկման, լրացել է, որևէ դիմում չենք ունեցել, որովհետև նաև էնտեղ տեղում մասնակցելու հնարավորություն են ունեցել, տեսնելու, հաշվարկին միանալու: Մի խոսքով, ոչ մեկը չի բողոքարկել», - ասաց Ալխաս Ղազարյանը:
Նախորդ համաժողովին, սակայն, հենց բողոքարկումից հետո էր պարզվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արսեն Թորոսյանից և Արմեն Փամբուխչյանից քիչ ձայն էին ստացել: Եվ վերահաշվարկի արդյունքում վարչության անդամ դարձան Թորոսյանն ու Փամբուխչյանը: Այս անգամ արդեն Հայկ Կոնջորյանը վերընտրվեց, ընդ որում՝ ամենաշատ քվե ստացածների հնգյակում է: Նրանից շատ ձայներ ստացել են կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը:
«Թե՛ Կոնջորյանի ձայներն են շատ բարձր ստացվել, թե՛ պարոն Թորոսյանի ձայներն են շատ բարձր, ինչի՞ արդյունքում՝ որովհետև վերանայել են իրեց գործողության ընթացքը, կարծում եմ, և ավելի շատ ժամանակ են տրամադրել կուսակցության ինստիտուցիոնալ կայացման, զարգացման և այլ հարցերի», - ընդգծեց Ալխաս Ղազարյանը: