Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել Բաղդասարովի սխալ թարգմանված ցուցմունքներով. Աշոտյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր Քննչական են հրավիրել ու մեղադրանք առաջադրել վեց տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք, տեղեկացնում է նախկին նախագահի գլխավորած Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«2019 թվականին ողորմած Միքայել Բաղդասարովի հարցաքննությունների ընթացքում նախաքննական մարմինը սխալ թարգմանությամբ կորզել էր որոշակի ցուցմունքներ երրորդ նախագահի դեմ: Երբ որ առերեսվել են Բաղադասարովն ու Սերժ Սարգսյանը, պարոն Բաղդասարովը հրաժարվել է ու ասել, որ սխալ թարգմանության արդյունքում են տեղ գտել զավեշտալի մեղադրանքները: Այս թեման մեռել էր, չկար ընդհանրապես: Այսօր Սերժ Սարգսյանին վերագրված դրվագը դատարան ուղարկված փաթեթի մեջ էլ չկա», - մանրամասնել է Աշոտյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը չորս գործով մեղադրյալ է, որ միացել ու դարձել է երկու վարույթ: Մեղադրող կողմը պահանջել էր, որ Սարգսյանի նկատմամբ կիրառվի երկրից բացակայելու արգելքը, երկու վարույթով էլ դատավորները երեկ մերժել են: Այսօր Բաղդասարովի հետ կապված ցուցմունքներով, որոնց իսկությունը նրա կենդանության օրոք հերքվել էր, նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած Սերժ Սարգսյանին:

Հակակոռուպցիոն կոմիտեն այս տարվա հուլիսի սկզբին հաղորդեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, երրորդ նախագահի դեմ չորրորդ գործն ուղարկվեց դատարան:

Վերջին գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին նախագահը նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայիլ Բաղդասարովն ու նրա ընկերությունները ներգրավվեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող բիտումի գործարանի հիմնադրմանը։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գործը շինծու էր որակել, նշել, որ այս գործով առերեսումները դեռ հինգ տարի առաջ են եղել, այն ժամանակ գործարար Բաղդասարովը, որը մահացել է 2020 թվականին, հերքել է իրեն վերագրվող թարգմանությունները, որոնք այս վարույթի հիմքում են դրվել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG