Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի 3-րդ տուրում 2:0 հաշվով պարտություն կրեց Հունգարիայի հավաքականից։
«Շատ ափսոսում եմ, մենք շանսեր ունեինք միավոր վերցնելու։ Բայց չեմ կարող ասել, որ մրցակիցը արժանի չէր հաղթանակի։ Իրենք էլ իրենց լավ ֆուտբոլը խաղացին։ Շատ հետաքրքիր խաղ էր, - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, - Շնորհավորում եմ մրցակցին»։
Մելիքյանը հավելեց՝ կվերլուծեն, պետք է շուտ մոռանալ ու պատրաստվել Իռլանդիայի խաղին։
«Կարևորը՝ թիմը հասկանում էր՝ ինչ էր անում, ոնց պետք է պաշտպանվել, պրեսինգ անել և ինչպես պետք է պահեր ստեղծեր։ Շատ բաներ ստացվում էր, ինչ խնդիրներ կար՝ մենք դրա վրա կաշխատենք», - հավելեց գլխավոր մարզիչը։
Հունգարիայի հետ խաղից հետո՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում, հավաքականը ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։ Ավելի վաղ սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ՝ առաջին հաղթանակը տոնելով աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարում:
Անհաջողությունների երկար շարքից հետո սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր՝ նորանշանակ մարզիչ Մելիքյանի գլխավորությամբ: