Սիրիայում նախօրեին գրանցված բախումներից հետո երկրի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը (Քասատ) համաձայնության են եկել Հալեպ քաղաքի երկու շրջաններում հրադադարի մասին: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Ականատեսները հայտնել են, որ սիրիական բանակն ավելի վաղ շրջափակել է Հալեպի երկու թաղամասերը, որոնք երկուսն էլ գտնվում էին դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ:
Այլ շրջաններում շարունակվել են բախումները, բնակիչները հայտնել են հրթիռների մասին, որոնք արձակվել են թաղամասերի ներսից և հարվածել մոտակա բնակելի թաղամասերին:
Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը երեկոյան տեղեկացրել է, որ տեղում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև, բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ։ Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում տեղի է ունեցել ուժգին հրաձգություն, ռմբակոծություն Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև:
Վերջին օրերին Սիրիայում հաճախակի են դարձել բախումները, ընդ որում և՛ Դամասկոսը, և՛ ժողովրդավարական ուժերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։