Սոցապ նախարարից՝ գերտերությունում դեսպան: Արդեն նախկին նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նշանակվեց Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան: Նրա նախորդը՝ Լիլիթ Մակունցը պաշտոնավարեց ուղիղ չորս տարի:
36-ամյա Մկրտչյանը դիվանագիտական կրթություն ու աշխատանքային փորձ չունի, ինչպես չուներ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը: Ըստ նրա կենսագրության՝ պատմության ֆակուլտետում է սովորել, հետո Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում, այստեղ նաև դասախոսել: 2018-ից «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր էր, երեք տարի անց էլ նշանակվեց նախարար:
Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է: Ամիսներ առաջ Միացյալ Նահանգներում էր ու տեսանյութ էր տարածել, որ հյուրընկալվել է նախագահ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի և Ջորջ Սորիալի հրավերով: Իսկ սրանից առաջ էլ Միացյալ Նահանգներում մասնակցել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։ Ինչպես ինքն էր պատմել՝ շփվել էր ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ պաշտոնյաների հետ:
Նարեկ Մկրտչյանին սոցապ նախարարի պաշտոնում փոխարինում է ՔՊ-ական պատգամավորներից Արսեն Թորոսյանը:
43-ամյա Արսեն Թորոսյանը ակտիվ ՔՊ-ականներից է, պաշտպանում է վարչապետի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, իրենց քաղաքական հակառակորդների դեմ եռանդուն պայքարողներից է: Աչքի է ընկնում հատկապես Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականների դեմ արշավով, որը սկսել է ավելի վաղ՝ մինչև այս ուղղությամբ Փաշինյանի հրապարակային քայլերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարը արցախցիների թեմայով էլ զուսպ չէ: Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը վերլուծել էր իշխանականների գրառումներն արցախցիների դեմ ու ադրբեջանական զենքով բռնի տեղահանված արցախցիներին թիրախավորող պաշտոնյաների ցանկում էր նաև Արսեն Թորոսյանը:
Փաշինյանի իշխանության գալուց հետո Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարար էր, հետո պաշտոնանկ եղավ ու տեղափոխվեց վարչապետի կաբինետ՝ որպես նրա աշխատակազմի ղեկավար: Այնուհետև՝ Ազգային ժողով:
Համավարակի ընթացքում ամենաքննարկվող քաղաքական դեմքերից մեկն էր։ Նրա որոշումներն ու վարած քաղաքականությունը հաճախ քննադատության էին ենթարկվում ընդդիմադիր շրջանակների կողմից, նրան մեղադրում էին սխալ հանրային կառավարման և չհիմնավորված սահմանափակումների համար։ Այս մեղադրանքները Թորոսյանը չէր ընդունում:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող հետաքննության շրջանակում, որը վերաբերում է համավարակի ընթացքում իրականացված պետական գնումներին և հնարավոր չարաշահումներին, Արսեն Թորոսյանը ներգրավվել է որպես վկա։ Նա պարբերաբար ֆեյսբուքյան գրառումներով հայտարարում էր, թե իրավապահաներն իրեն հարցաքննության չեն հրավիրում, բայց ինքը պատրաստ է դա անել: Այս գործի դատաքննությունը դեռ չի ավարտվել:
Արսեն Թորոսյանին վերջերս բանտից դատի են տվել Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսն ու գործարար Սամվել Կարապետյանը: ՔՊ-ական պատգամավորից որպես փոխհատուցում մի քանի միլիոն են պահանջում՝ իրենց վիրավորելու ու զրպարտելու համար: Այս հայցերի քննությունը դեռ չի սկսվել:
«Ազատության» ռեպորտաժը ստորև.