Գերու հարազատ․ «Սպասում էինք, որ ինչ-որ նորություն կբերի մեզ համար»
Բաքվի բանտում գտնվող հայ գերիների հարազատներն անհամբերությամբ էին սպասում Ադրբեջանից Հայաստանի ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի վերադարձին՝ հույսով, որ մի տեղեկություն կլսեին գերիների ազատ արձակման մասին։
«Սպասում էինք, որ ինչ-որ նորություն կբերի մեզ համար: Գոնե մի տեղեկություն բերեին, որ այս իրավիճակն է՝ կամ բերելու են, կամ չեն բերելու: Ոչ մի բանից տեղյակ չենք՝ իրենք ինչ են անում, գնում-գալիս են իրենց համար, ժողովրդին տեղյակ չեն պահում, թե ընդհանրապես ինչ է կատարվում», - ասաց կինը:
ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 19-21-ը Ադրբեջանի մայրաքաղաքում էր, որտեղ մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Ի դեպ, համաժողովի կազմակերպիչը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է։
Անդրանիկ Սիմոնյանն արդեն Երևան է վերադարձել, սակայն հայտնի չէ՝ արդյոք ադրբեջանական կողմի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, արդյոք նրանց վիճակի և պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցել է։
«Ո՞վ է կանչում, ասի՝ ժողովուրդ ջան, գնացել ենք, սա է, սա է: Չեն ասում, սպասում ենք, ասում ենք՝ կարող է մեզ չեն ասում, բայց իրենք աշխատում են, բայց արդյունք չենք տեսնում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:
Գերիների հարազատները Բաքվից նոր վերադարձած ԱԱԾ տնօրենից հանդիպում են խնդրում՝ ակնկալելով գոնե նրանց առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն ստանալ. «Մենակ ես չեմ, բոլորն էլ կուզենային մոտենային, իմանային՝ մարդը գնացել է իրենց մոտ, եկել է, անգամ տեսնեինք՝ ոնց են մեր գերիները։ Ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն՝ ոնց են էդ մարդիկ»:
Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն արդեն 8 ամիս է՝ շարունակվում է։
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Գերիների պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն ստանալու որևէ հնարավորություն հարազատները չունեն։ Նրանց հետ միակ կապը Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած հեռախոսազրույցն է։
«2 տարի է՝ ասում եմ՝ չեմ տեսնում։ Չեմ կարողանում ոչ մեկին դիմեմ, ասեմ՝ մարդը որ չի տեսնում, խի՞ չեք մի բան անում։ Ո՞ւմ դիմեմ, Լսում են ու անջատում հեռախոսը, ձեռքս ոչ մի բան չկա, չեմ կարողանում օգնել: Իրենք են գնում, հետաքրքրվում այդ հարցով, իրենք պիտի գոնե այդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն՝ ինչ են անում», - ասաց գերիներից մեկի հարազատը:
Ի դեպ, Բաքվում տեղի ունեցած համաժողովն անցկացվել է «Ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ընթացքում հումանիտար ճգնաժամերի կանխման հարցում անվտանգության մարմինների փոխգործակցությունը» խորագրի ներքո։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Բաքու
Համաժողովին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե կայունության ու զարգացման կարելի է հասնել միայն երկխոսության և գործընկերության միջոցով։
Ալիևը, որ թեև Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին է խոսում, բայց շարունակում է բանտերում պահել 23 հայ գերիների, միջազգային համաժողովում վստահեցրել է, թե Ադրբեջանը «կառուցողական քայլեր է ձեռնարկում» Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար։
Պարզ չէ՝ արդյոք այս համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԱԾ տնօրենը ելույթ ունեցել է, թե ոչ։
Փոխարենը ադրբեջանական մամուլը նկատում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Բաքու, որին նախորդել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։