Մատչելիության հղումներ

«Սպայկայի» ավելի քան 100 բեռնատար արդեն կես ամիս կանգնած է ՌԴ-ում. ընկերությունը խոսում է վնասներից


«Սպայկայի» ավելի քան 100 բեռնատար արդեն կես ամիս կանգնած է Ռուսաստանում։ Ընկերությունը հայտնում է՝ բեռնված մթերքի մի մասը փչացել է, ընդհանուր վնասը հասնում է մոտ 2 մլն դոլարի, բայց ռուս իրավապահները դեռ պաշտոնապես չեն պարզաբանում՝ որն է խնդիրը:

Շաբաթներ շարունակ կառավարությունից ոչ մի պարզաբանում չկար՝ տեղյա՞կ են, թե ինչ խնդիրների առաջ է կանգնել երկրի թիվ մեկ արտահանողը: Լռությունը խախտվեց միայն երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում լրագրողներն այս հարցն ուղղեցին վարչապետին ու էկոնոմիկայի նախարարին:

«Կոնկրետ ընկերությունն ունի կոնկրետ խնդիրներ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ ու հարցը դրա շրջանակներում է, այդ ֆորմատով էլ պետք է այդ հարցը պարզաբանվի», - ասել է վարչապետ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարարն էլ նշել է. «Ես որոշակի տեղեկատվություն ունեմ, բայց հաշվի առնելով նաև ռեպուտացիոն կազմակերպության դերը տնտեսության մեջ ու նաև պրոցեսները, կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ այդ մասով բացառապես կազմակերպության տարածած հաղորդագրություններով առաջ շարժվենք, որովհետև ցանկացած խոսք կարող է վնասել ընկերության շահերին»:

Խոշոր հաշվով, երկրի վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը թեև ակնարկեցին, որ խնդրից տեղյակ են, բայց հավելեցին՝ «Սպայկան» ինքնուրույն պետք է լուծի այդ խնդիրը: Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե «Սպայկան» հարկերից խուսափել է, ինչի համար էլ Ռուսաստանում տուգանվել է շուրջ 250 միլիոն դոլարով: Ընկերության զարգացման գծով տնօրենը «Ազատության» հետ զրույցում հերքել էր այս լուրերը:

«Օֆիցիալ ոչ մի ծանուցում չենք ստացել որևէ քրեական կամ իրավական պրոցեսի հետ կապված: Ինչ որ կարողացել ենք պարզել, ռուսական ինչ-որ ընկերություն է, որը տարբեր երկրներից մթերումներ է անում, մեր ունեցած տեղեկություններով՝ իր հետ է կապված խնդիրը, որին փոխկապակցում են այլ ընկերությունների, որոնք ներկրումներ են արել Ռուսաստան, այսինքն՝ կոնկրետ մեզ հետ չի կապված խնդիրը», - ասել է նա:

«Սպայկայից» այսօր չպատասխանեցին մեր զանգերին։ Ընկերության տվյալներով՝ սեզոնից կախված, ընդհանուր արտահանման ծավալում իրենց մասնաբաժինը կազմում է 60–70 տոկոս: Իսկ լոլիկի, վարունգի, ծաղկի ու խաղողի դեպքում՝ մինչև 90 տոկոս:

Մինչ «Սպայկայի» շուրջ ստեղծված խնդիրները, Մոսկվան զգուշացրել էր՝ ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների պարագայում Հայաստանը կարող է զրկվել մաքսային արտոնություններից։ Ոմանք էլ այս պատմությունը կապում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ «Սպայկա» կատարած այցի հետ: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններում խոչընդոտ չկա, արտահանումը շարունակվում է բարձր տեմպերով։

«Ազատության» հարցին՝ «այս հարցը չի՞ տեղավորվում Ձեր լիազորությունների շրջանակում», Պապոյանը պատասխանեց. «Ինչքանով տեղավորվում է, այդքանով զբաղվել ենք ու զբաղվում ենք, ինչքանով չի վերաբերվում, բանականաբար, ես դրա իրավունքը չունեմ»:

Կառավարության հանգստությունն անհանգստացնում է ֆերմերներին ու գյուղացիներին

Ֆերմերներն ու գյուղացիներն ասում են՝ չկա այլընտրանքային մեկ այլ արտահանող կազմակերպություն, որը «Սպայկայի» առաջարկած պայմաններով հատուկ արտահանման համար աճեցրած իրենց բերքը բարձր գնով կգնի:

«Պետությունը պետք է վերացնի արտահանման կախվածությունը միայն մեկ՝ մենաշնորհային ընկերությունից», - ասում է ֆերմեր Հարություն Մնացականյանը:

Արտահանմամբ զբաղվող գործարարը Ռուսաստանից բացի նաև եվրոպական շուկա է հասցնում իր մթերքը: Կարծում է, որ Հայաստանը պետք է հետևի տարածաշրջանի երկրների փորձին, որտեղ նաև պետության աջակցությամբ լոգիստիկ կենտրոններ են գործում: Նրա համոզմամբ՝ գյուղմթերքի արտահանման խոչընդոտները հաղթահարելու լավագույն ճանապարհը դա է:

«Լոգիստիկ կենտրոնը հենց նախատեսված է դրա համար. սորտավորման արդյունքում առաջնային բարձր որակի ապրանքը ինքը գնելու է թանկ գնով, արտահանելու է բարձր գնով, ինչը բոլորի համար ձեռնտու կլինի՝ և՛ գյուղացու, և՛ լոգիստիկ կենտրոնի, և՛ աշխատատեղերի ստեղծման հարցում», - նշեց Հարություն Մնացականյանը:

Ինքն, օրինակ, Ուզբեկստանի փորձին է ծանոթացել. «Արմավիրի մարզի չափ տարածքում այնտեղ կան մի 130-140 լոգիստիկ կենտրոններ, որոնք շատ արագ զարգանում են և ուզբեկական պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ըստ տարիների, որ տեսնեք, կտեսնեք՝ ինչ արագությամբ են աճում ու ինչ որակական տարբերություն է տալիս 2014 թվականի ու 2025 թվականի այդ ժամանակահատվածում»:

Արտահանման ոլորում 15 տարվա փորձ ունեցող Հարություն Մնացականյանը համոզված է՝ եթե ստեղծվեն լոգիստիկ կենտրոններ, դրանք արդյունավետ կգործեն, եթե պետությունը կատարի հետևյալ քայլերը՝ սուբսիդիաներ ու պետական աջակցություն՝ լոգիստիկ կենտրոնների ստեղծման համար, ներդրումային շահավետ պայմաններ մասնավոր հատվածի ներգրավման համար, լաբորատոր ծառայությունների հասանելիություն՝ հենց մթերման վայրերում, արտահանման և մաքսային ընթացակարգերի պարզեցում և այլն:

Մինչ այդ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեսբուքյան իր էջում խոսում է միայն մթերումներից, պնդելով, թե այս հարցում խնդիրները լուծվել են՝ պետությունը, օրինակ, լոլիկի ու խաղողի գծով սուբսիդավորում է գործարաններին. Արտահանման սպասող գյուղացիների մտահոգությունները, սակայն, մնում են անպատասխան: Հստակ գիտեն մեկ բան՝ «Սպայկան» այս ամսվա վերջից բերքի ընդունումը գուցե դադարեցվի, եթե մինչ այդ Ռուսաստանում մնացած բեռնատարների հարցը չլուծվի:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG