Մատչելիության հղումներ

Ստեփանավանում կադրային քաղաքականությունը Պապիկյաններն են որոշում, պնդում է դպրոցի նախկին տնօրենը


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրը՝ Ռաֆիկ Պապիկյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանավան, 19-ը սեպտեմբերի, 2025թ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրը՝ Ռաֆիկ Պապիկյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանավան, 19-ը սեպտեմբերի, 2025թ

«Այսօր Ստեփանավան քաղաքում կադրային քաղաքականություն որոշողը Պապիկյան Սուրենն է, դա բոլորը գիտեն, և դա անթաքույց է արվում: Գիտեն, որ Պապիկյան Սուրենի ներկայացուցիչը Ստեփանավանում դա իր հայրն է», - հայտարարում է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Լիլիա Հարությունյանը:

2019-ին աշխատանքից ազատված Հարությունյանը պնդում է՝առանց պաշտպանության նախարարի մերձավորների գիտության Ստեփանավանում որևէ մեկը չի կարող պաշտոն ստանալ: Նրանց հովանավորությունն ու այստեղ որոշողի անունն անթաքույց է, անգամ կասկածներ չկան, ասում է քաղաքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրենը, ում նկատմամբ հեղափոխությունից հետո քրեական գործ է հարուցվել, մեկ ամիս անց ազատվել է պաշտոնից: Հարությունյանի համոզմամբ՝ նոր իշխանությունների համար անցանկալի դարձավ, քանի որ յուրային չէր. - «Այսօր ոչ մի ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ ոչ մի շանս չունի՝ որևէ պաշտոնում նշանակվի կամ ընտրվի»:

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Լիլիա Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանավան, 19-ը սեպտեմբերի, 2025թ.
Ստեփանավանի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Լիլիա Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, Ստեփանավան, 19-ը սեպտեմբերի, 2025թ.

Նախկին տնօրենին մեղադրում են տարիներ շարունակ պահակի համար դուրս գրված աշխատավարձը յուրացնելու մեջ: Գործը երկու տարի Քննչականում են ուսումնասիրել, արդեն չորս տարի էլ դատարանում են քննում, դեռ դատավճիռ չկա: Մինչ այդ, նա ընդդիմության շարքերն է անցել. Ստեփանավանի ավագանու «Բարգավաճ Հաաստան» խմբակցության անդամ է, «Հայաքվե» միավորման տեղի կառույցի ղեկավարը: Ասում է՝ ներքին քաղաքականությանն ու անցուդարձին քաջատեղյակ է, պնդում է՝ Պապիկյանների ազդեցությունը վճռորոշ է, հարցերն այստեղ աշխատող նախարարի հայրը՝ մսավաճառ Ռաֆիկ Պապիկյանն է լուծում:

«Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր մեծ միջոցառում, փոքր միջոցառում առանց Պապիկյան Սուրենի հոր չի անցկացվում. միշտ իրեն հրավիրում են, միշտ ինքը նստած է առաջին շարքերում՝ ղեկավարության կողքը քաղաքի, դա թաքցնելու բան չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լիլիա Հարությունյանը:

Նախարարի հորը՝ Ռաֆիկ Պապիկյանին հանդիպեցինք իրեն պատկանող մսի կետում: Ցուցափեղկում միս չկար, խանութում՝ գնորդ: Ասաց՝ առևտուրն առանձնապես լավ չի գնում, մարդիկ գնողունակ չեն. - «Օրական երկու-երեք հաճախորդ: Գործ չկա, ժողովուրդը գնողունակ չի»:

Բայց հեղափոխության արդյունքներից խոսելիս չմոռացավ շեշտել՝ որքան բարեկեցիկ են սկսել ապրել, և ոչ միայն Ստեփանավանում:

«Իսկ մարդկանց ակնկալիքները՞, ի՞նչ եք կարծում, հույսերը արդարացվեցի՞ն», - «Ազատության» հարցին Ռաֆիկ Պապիկյանն արձագանքեց. - «Ես իմ պահով կարամ ասեմ, բայց ընդհանուր էլ կարամ ասեմ, որ դրական տեղաշարժեր կա, ժողովրդի մոտ բարեկեցություն կա: Ամեն երկրորդ մարդը սեփական մեքենա ունի՝ նախկինում չունեին, ապահովված են»:

Որ անձամբ է մասնակցում Ստեփանավանի կադրային քաղաքականությանն ու ուղիղ կապեր և վերահսկողություն ունի Ստեփանավանի բոլոր պետական ու համայնքային կառույցների վրա, չի համաձայնում. - «Ես չեմ մասնակցել, հորդ Աստծուն մատաղ, դրա համար կա կառույցներ, նրանք են զբաղվում էդ հարցերով»:

Ասում է՝ ինքն ընդամենը մսավաճառ է: Իր խանութում է աշխատում, որտեղ միայն միս է վաճառվում:

Մսավաճառ Ռաֆիկ Պապիկյանը Ստեփանավանի պաշտոնական լուսանկարներում գրեթե միշտ համայնքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաների կողքին է, թեև հաղորդագրություններում նրա անունը որևէ տեղ չի հիշատակվում: Օրինակ՝ Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառմանը Ռաֆիկ Պապիկյանը ՔՊ-ական քաղաքապետի հետ միաժամանակ է ծաղիկներ դնում հուշաքարին: Մեկ տարի առաջ նույն օրը նա դարձյալ քաղաքապետի հետ առաջին շարքում է քայլում: Այս տարվա հունիսի 1-ին ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի կողքին է: Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, դարձյալ պաշտոնյաների հետ է՝ առաջին շարքում: Իշխանականների ընդդիմախոս Լիլիա Հարությունյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց նաև նրան փոխարինած տնօրենի կողքին է՝ դպրոցի միջոցառումներին:

«Հրավիրում են զուտ որպես Սուրեն Պապիկյանի հա՞յր», - այս հարցին Հարությունյանը պատասխանեց. - «Դե էդ հրավիրողին պետք է հարցնել՝ որպես ի՞նչ են հրավիրում՝ որպես Պապիկյան Սուրենի հայր, թե որպես հարգարժան մսավաճառ... »:

Պապիկյանների ազդեցությունը ոչ միայն Ստեփանավանում, այլև ընդամենը մեկ կիլոմետր հեռու՝ Լոռի Բերդ համայնքում է, որտեղ ծնվել ու մեծացել է նախարարը, ու որտեղ մինչև այսօր էլ ապրում է նրա հայրը:

«Հավ եմ պահում, սագ եմ պահում, բադ եմ պահում, ոչխար եմ պահում: Իհարկե, ես ոչ ամաչում եմ, ոչ էլ կամաչեմ», - ասում է Ռաֆիկ Պապիկյանը:

Այստեղ Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին՝ Վահրամ Պապիկյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է, համայնքի ղեկավարի բացակայության դեպքում՝ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ստեփանավանի կառույցն է ղեկավարում: «Հետք»-ն ամիսներ առաջ էր հրապարակել, որ Լոռի Բերդում համայնքի ղեկավար անդամ Վահրամ Պապիկյանի եղբոր՝ Վահագն Պապիկյանի նորաստեղծ ընկերությունը երկու տարի առաջ մասնակցել ու հաղթել է համայնքապետարանի հայտարարած մրցույթում և ավելի քան 21 միլիոն դրամ ստացել հինգ գյուղերի վարչական շենքերի նորոգման համար:

Նախարար Պապիկյանի հորեղբորորդին այստեղ շահերի բախում չի տեսնում. - «Ես և եղբայրս տարբեր ընտանիքներ ենք, եղբայրս ապրում ա Մոսկվայում, ես ապրում եմ ստեղ: Եվ երկրորդը՝ ես էդ մրցույթներին չեմ եղել, որ որևէ շահերի բախում լինի: Եվ երրորդը, դրա մասին արդեն գրել են, դրա մասին եղել ա քննություն»:

Այստեղ շահերի բախում չեն տեսել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու իրավապահ մարմինները: Մի ուրիշ փաստաթղթով երկու տարի առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հոր՝ Ռաֆիկ Պապիկյանի հետ, պետությանը պատկանած 86 քառ.մ շինությունն ու հարակից ավելի քան 1000 քառ.մ հողամասը անցել է «Տեխ-ավտո» ընկերությանը, որի համասեփականատեր է նախարարի հայրը: Պետությունից նախարարի հոր սեփականությունը դարձած տարածքում այժմ ավտոտեխսպասարկման կենտրոն է գործում:

Ռաֆիկ Պապիկյանը, սակայն, իրենց հասցեին մեղադրանքները ծիծաղելի է որակում. - «Եզոպոսն ասում ա՝ լեզուն ամենավատ բանն էր, լավ բանը և վատ բանը, չէ՞»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG