«Տաշիր» ընկերությունը Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Կարապետյանների «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն օրվա առաջին կեսին հենց կառույցի մոտ հայտարարեց՝ գնդակն այս պահին հանձնաժողովի դաշտում է:
«Դեռ հունիս ամսին էր ներկայացվել նման առաջարկ, որը մերժվել էր, հիմա կրկին դիմումը մուտք է արվել ՀԾԿՀ, և ինչպես ասում են, գնդակը հանձնաժողովի դաշտում է՝ այդ ռեսուրսը կա, էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազեցվել բնակչության համար, հատկապես մոտենում է ջեռուցման սեզոնը: Այս հարցը շատ կարևոր է», - ասաց նա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին՝ դիմումը ստացել են, սահմանված կարգով կուսումնասիրեն ու տեղեկություն կտրամադրեն: Մինչ այդ «Իջեցրու սակագինը» կոչով հանձնաժողովի նախագահին է դիմել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ պնդելով, որ հոսանքի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամ 1 կվտ-ի համար:
«2024թ-ին ունեցել ենք էլ էներգիայի մուտք մոտ 5մլրդ կվտ, որից` բնակչության գծով մուտքը` 2.130 մլրդ կվտ: Չնայած ՔՊ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար ՀէՑ-ում: Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը, և էլէներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով 1 կվտ-ի համար», - նշել է նա:
Նարեկ Կարապետյանի այս պնդմանն արձագանքել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ ընդգծելով, որ սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և իրենք երբևէ նման առաջարկ չեն ստացել: Հիշեցրել են՝ 2025 -ի հունիսին արված ՀԷՑ-ի առաջարկը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը սակագնի վրա, ըստ հանձնաժողովի, ազդում է ընդամենը 0.2 դրամով։
«Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերություններն առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում», - հաղորդել են կառույցից։
Հանձնաժողովից նաև նշում են՝ հոսանքի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ. «Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի՝ սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ»։
ՀԷՑ-ի սեփականատեր, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի թիմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ մերժման հիմքում քաղաքական ենթատեքստ են տեսնում: Թե այս մի դիմումի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի կառույցը, պարզ կդառանա առաջիկայում: