Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակը Վրաստանի դեպքում մնացել է միայն ձևական, ասված է Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթում, որին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Փաստաթղթում խոսվում է վրաց ժողովրդի և իշխանության միջև անդունդի մասին: Փաստաթղթում ԵՀ-ն կոչ է անում Վրաստանի կառավարությանը «կուրսը փոխելու և Եվրամիությանն ինտեգրվելու ուղի վերադառնալու հաստատակամ ձգտում դրսևորել»:
Հանձնարարականների բաժնում ասվում է, որ հանձնաժողովը կրկին իր անսասան համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին և անվերապահ ցանկություն՝ շարունակելու աջակցել Վրաստանին դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին»:
Ընդգծվում է, որ «Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողությունները չեն համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրից Եվրամիության ակնկալիքներին»:
Եվրահանձնաժողովը նաև հիշեցնում է, որ 2025 թվականի սկզբին հանձնաժողովի առաջարկով Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի վերացման մասին։
Նոյեմբերի 4-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովը, որին կմասնակցեն թեկնածու երկրների ղեկավարները:
Վրաստանում անցած տարվա նոյեմբերի 28-ից հակակառավարական ցույցեր սկսվեցին, երբ իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են Եվրոպական միության անդամակցության շուրջ բանակցությունները: Այս ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Արևմուտքն ի պատասխան մի շարք պատժամիջոցներ է կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ՝ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար: