Մատչելիության հղումներ

Տնտեսության 5.9 տոկոս աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ


Այս տարվա երկրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 5.9 տոկոսով: Բացարձակ թվերը թեև աճում են, սակայն, միտումները մնում են անփոփոխ՝ առևտուրն ու ծառայությունները տնտեսության կառուցվածքում առաջնային դիրք են զբաղեցնում. առանցքային՝ արդյունաբերության ճյուղի դերը շարունակում է նվազել:

Ըստ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների՝ այս տարվա առաջին կեսին ՀՆԱ-ն մոտ 4.7 տրիլիոն դրամ կամ 12 միլիարդ դոլար է կազմել, մշակող արդյունաբերության մասնաբաժինը մեկ միլիարդ դոլարից քիչ ավելին է և ընդհանուրի 9 տոկոսն էլ չի կազմում և, ըստ տվյալների, այս պահին ամենախոշոր ոլորտների ցանկում միայն 4-րդ տեղում է: Մինչդեռ, օրինակ, ֆինանսական գործունեություն իրականացնողները՝ բանկերը, ապահովագրականները, արդեն ավելի քան 1.3 միլիարդ դոլար են ապահովել՝ ՀՆԱ-ի ավելի քան 11 տոկոսը:

Մրցակցությունից դուրս է առևտրի բանագավառը՝ ավելի քան 14 տոկոս մասնաբաժնով: Հետ չի մնում նաև անշարժ գույքի ոլորտը. ՀՆԱ-ում 10 տոկոս մասնաբաժնով սա Հայաստանի երրորդ խոշոր ուղղությունն է:

Տարվա երկրորդ եռամսյակի 5.9 տոկոսանոց աճին արդյունաբերության ճյուղը նպաստել է 0.4 տոկոսային կետով, գյուղատնտեսության մասնաբաժինն էլ ավելի փոքր է՝ 0.35, իսկ առևտրի ու ծառայությունների ոլորտները միասին ապահովել են տնտեսական աճի մոտ 3 տոկոսը:

«Մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը, բայց այստեղ մենք վերաարտահանման հետ կապված գործընթացներ կան, որոնք փոխվել են: Բայց, կարծում եմ, արդյունաբերությունն, ընդհանրապես, մեր ամենաթույլ կետերից է եղել ավանդաբար, բայց, ես կարծում եմ, որ այդ թվում քաղաքական և տարածաշրջանային գործընթացները, սպասվող ապաշրջափակումը ՀՀ-ի արդյունաբերությունը նույնպես պետք է դուրս բերեն նոր որակ և հարթություն», - հայտարարել է վարչապետը:

Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն արձանագրում են՝ արտաքին գործոնները, որոնք նպաստում էին տնտեսական աճին թուլանում են: Այս եզրակացությունն իր վերջին զեկույցում արժույթի միջազգային հիմնադրամն է ներկայացրել: Հայաստանի տնտեսական ակտիվությունն ամուր գնահատելով հիմնադրամն, այդուհանդերձ, ընդգծում է՝ անհրաժեշտ է անշեղորեն կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել:

Միջազգային կառույցի գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի բյուջեի եկամուտներն ավելացնելու ու ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Աճը երկարաժամկետ պահպանելու համար պետք է շարունակել կաուցվածքային բարեփոխումները աշխատաշուկայի բարելավման, արտահանման դիվերսիֆիկացիայի, վերահսկողության ու կառավարական համակարգի կատարելագործման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է՝ տարվա ավարտին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կաճի 4.5 տոկոսով ու 26.2 միլիարդ դոլար կկազմի: Իսկ գնողունակության համարժեքության ճշգրտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 25 հազար դոլար կկազմի և բացի Իրանից Հայաստանը կշարունակի հետ մնալ իր բոլոր հարևաններից:




XS
SM
MD
LG