Զորակոչվելու հենց հաջորդ օրը հոսպիտալում հայտնված և միայն ծնողների բարձրացրած աղմուկից մեկուկես ամիս անց ծառայության համար ոչ պիտանի ճանաչված 18-ամյա Ավետիք Մաթևոսյանը դեռ չի զորացրվել։ Մայրը՝ Սոնան, «Ազատությանը» ցույց տվեց մի թուղթ, որի վրա ընդամենը գրված է՝ «կայազորային հոսպիտալը օգոստոսի 15-ից մինչև սեպտմեբերի 13-ը տղային արձակուրդի է ուղարկել»։
«Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է ուշանում պաշտպանության նախարարի պատասխանը: Մի ամսվա մեջ մի՞թե չկարողացան ուղարկել, - ասաց նա, - Թող թուղթը տան իմ երեխու, որ ես տանեմ բուժման: Օրեցօր վատանում է, լավ չի զգում»:
Մի քանի օր առաջ արձակուրդն ավարտվեց, զգուշացրել էին՝ հոսպիտալ չներկայանալու դեպքում դասալիք կհամարվի։ Վատառողջ տղան ստիպված ներկայացել է, ու նորից ոչ մի հստակություն, միայն ասել են, թե նախարար Սուրեն Պապիկյանը զորացրման հրամանը դեռ չի ստորագրել։ Բժիշկները նորից մեկ շաբաթով արձակուրդ են ձևակերպել։
Ինչո՞ւ դեռ մեկ ամիս առաջ ծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ավետիքին այդպես էլ չեն զորացրում՝ Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանում։ «Ազատություն»-ը դեռ մեկ ամիս առաջ նամակ էր գրել ու հարցրել՝ ինչպե՞ս է հիվանդ տղան բանակում հայտնվել։ Պատասխանից հետևում է, որ նախարարությունը որևէ կետում իրեն թերացած չի համարում, ավելին՝ պնդում է, թե ընտանիքն է թաքցրել տղայի հիվանդությունը։
«Զորակոչի ընթացքում առկա բժշկական փաստաթղթերը հանձնաժողովին չեն ներկայացրել, զինկոմիսարիատում իրականացված փորձաքննության արդյունքում Մաթևոսյանը գանգատներ չի ներկայացրել։ Այս դեպքում, ըստ էության, զինկոմիսարիատում իրականացված փորձաքննության ժամանակ թաքցվել է հիվանդությունների առկայության հանգամանքը, իսկ զորակոչի օբյեկտիվ քննությամբ չեն հայտնաբերվել այն հիվանդությունները, որոնք հետագայում հանգեցրին զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելուն»,- պատասխանում են ՊՆ-ից:
«Մենք նախապես իրենց զգուշացրել ենք։ Ո՞նց թե։ Վայենկոմատի սխալն է, ո՞նց չենք ներկայացրել, ես սկեսրոջս հետ էլ եմ գնացել, խնդրել եմ, ասել եմ՝ երեխաս վատառողջ է, ասաց՝ մայրիկ ջան, դու գնա հանգիստ, մենք կստուգենք, եթե խնդիր ունի, ձեզ տեղյակ կպահենք», - պնդում է մայրը:
«Ազատություն»-ը մոտ 2 ամիս առաջ էր պատմել Ավետիքի մասին։ Ընդամենը 1 օր զորամասում ծառայած տղայի մայրը, տատը, պապը դեռ այն ժամանակ պնդում էին՝ մինչև տղայի զորակոչվելը նրա բժշկական կենսագրությունը ձեռքներին դռնեդուռ են ընկել, տարբեր բժշկական հաստատություններից փաստաթղթեր ցույց տվել, որտեղ սևը սպիտակի վրա գրված է՝ Ավետիք Մաթևոսյանն ունի սրտանոթային խնդիրներ, մասնավորապես, ի ծնե արատ՝ սրտի օվալաձև անցք, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված ունենում է գիտակցության կորուստներ, կծկումներ:
Սեփական անգործությունն ու անփութությունը հիմա փորձում են ծնողների վրա գցել, վրդովված ասում էր տղայի մայրն ու ավելացնում՝ Կապանի զորամասից, որտեղ ընդամենը մեկ օր է անցկացրել Ավետիքը, չեն դադարում զանգերը, բայց ոչ տղայի առողջության հարցով:
«Իմ երեխան խի՞ պիտի գնա, երդման թուղթ ստորագրի, 4 անգամ է՝ զանգում են, ասում են՝ երեխան պիտի գա, մենք բերենք, ստորագրի, բայց խի՞, եթե ինքը ոչ պիտանի է ճանաչվել», - ասում է Սոնան:
Տղան երեկվանից նորից տանն է, բայց ծնողները իրենց ցանկացած հիվանդանոցը չեն կարող տանել՝ քանի դեռ նա զինվոր է, պետության պատասխանատվության տակ է։
Ավելին՝ պետությունը չի էլ պատրաստվում ստանձնել սխալմամբ զորակոչված վատառողջ երիտասարդի բուժման պատասխանատվությունը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ռազմական գերատեսչությունը փաստացի ընդունել է, որ խնդիրներով երեխայի է զորակոչել, բայց ծախսերը թողնում է ընտանիքի ուսերին։
«Մաթևոսյանի վաղաժամկետ զորացրմանը հանգեցնող հիվանդությունները առկա էին մինչև զորակոչը և կապված չեն եղել զինվորական ծառայության հետ, Պաշտպանության նախարարությունը նրա հետագա բուժման համար ֆինանսական պարտավորություն չի կրում», - ասված է պատասխանում:
«Հերիք չի՝ հիվանդ տարան, որ չպիտի տանեին, առանց ստուգման, հիմա էլ իրանց վրա պարտավորություն չե՞ն վերցնում», - ասում է տղայի մայրը:
Համեստ ապրուստով այս ընտանիքը բուժման գումար չունի, բայց անգամ այս դեպքում Սուրեն Պապիկիյանի գլխավորած կառույցից որևէ աջակցություն չեն էլ ակնկալում։ Արդար չի, ասում է մայրն ու հոգոց հանում՝ իսկ արդարություն ընդհանրապես կա՞։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ զորակոչվում են նաև առողջական խնդիրներով երիտասարդներ: Անցած յոթ ամսում բանակում ոչ մարտական պայմաններում 12 մահերից 3-ը, իսկ 2024-ին՝ 36 մահերից 5-ը զինվորների առողջական խնդիրների հետևանքով են եղել: