Թյուրքական պետությունների կազմակերպության ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր կայացած գագաթաժողովի ավարտին դրա մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել։
«Հռչակագրում ընդգծվում է Զանգեզուրի միջանցքի և Միջին միջանցքի կարևորությունը, նշվում է, որ դրանք կարևոր դերակատարություն կունենան միջտարածաշրջանային համագործակցության ընթացքում», - ամփոփելով համաժողովի արդյունքները հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այսօր վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը, ըստ Բաղդասարյանի, վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։
«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ադրբեջանի նախագահին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Ապա խորհրդարանում տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։
«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասաց Նիկոլ Փաշինյանը: