Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու երեք եղբայրերին Երևանի ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում փորձում են խաղաղեցնել, ապահով մթնոլորտ ստեղծել, ճանաչել: Շփոթված են, մոլորված ու վախեցած, կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն առաջին տպավորորությամբ կիսվեց՝ հիմա պետք է նրանց հանգիստ թողնել։
«Խնդրահարույց իրավիճակում են, անխնամությունը ակնհայտ երևում է, գումարած դրանից ամբողջ պատմությունները։ Այս փուլում երեխաները լողացել են, փոխվել են, շորեր ենք տվել, փորձում ենք իրենց համար հանգիստ, նորմալ մթնոլորտ ձևավորել՝ իրենց էմոցիոնալ կայունությունը ապահովելու, բնականաբար, վախեցած են, անհանգիստ են. տեղից տեղ են տեղափոխվել, այս ընթացքում անհամար թվով մարդիկ են մտել, տուն դուրս եկել, հարցեր տվել և այլն։ շփոթահար են, տրավմատիկ վիճակում են երեխաները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրա Անտոնյանը:
Ծափաթաղցի փոքրիկին փրկարարները որոնում էին մեկ շաբաթ: Նրա մարմինը գտան գյուղին հարակից դաշտամիջյան հատվածում՝ մարմնի, գլխի շրջանում վնասվածքներով: Նախնական տվյալներով՝ հայրն է խեղդամահ արել որդուն: Սպանության կասկածանքով նա կալանավորված է:
Աջակցության կենտրոնում հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես օգնել Տիգրանի քրոջն ու եղբորը: Անտոնյանն ասում է՝ նրանք հիմա պատրաստ չեն անգամ խոսել. «Տրավման կվերապրեն, արդեն պատրաստ կլինեն խոսելու, կհասկանանք արդեն՝ արդյո՞ք պետք է ընտանիքի հետ վերամիավորվել, թե այլ լուծում է պետք գտնել: Այս պահին շատ վաղ է ասել, թե ելքը ինչպիսին կլինի»:
Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության հանձնաժողովը երեկ որոշեց, որ 4 երեխաներին պետք է տեղափոխել մայրաքաղաքի աջակցության կենտրոն։ Մեծը 12 տարեկան է, փոքրը՝ 5: Անչափահասները երեկ ուշ երեկոյան մոր ուղեկցությամբ են հասել կենտրոն. մայրը, սակայն, նրանց հետ չի մնա:
Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ասաց. «Եթե որոշել են, որ երեխաները հեռացվեն ընտանիքից, ամենայն հավանականությամբ, ունեն հարցականներ՝ կապված մոր կողմից խնամքի որակի կազմակերպման և նման հարցերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է, թե արդյոք արգելվում է մամայի հետ շփումները, թե ոչ, մենք որևէ այդպիսի հրահանգավորում չունենք»:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին մայրական իրավունքից զրկելու մասին որոշում չկա, մոր հետ տեսակցության արգելք էլ չկա։ Հարցին, թե մոր հետ և՞ս աշխատանք է տարվում, մարզպետն ասաց՝ «միանշանակ»:
Ի՞նչ կլինի հետո: Հանձանժողովը դեռ ուսումնասիրում է, բայց արդյո՞ք անհնար էր բացահայտել՝ ինչ էր կատարվում ընտանիքում նախքան դժբախտությունը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան.- «Ընտանիքի ներսում մթնոլորտի մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց, որ սոցիալական խնդիրներ ունեն, համայնքը տեղյակ է եղել, և համայնքը պարբերաբար ու ոչ միայն համայնքը, սոցիալական տարբեր կազմակերպություններ այդ ընթանիքին աջակցություն են տրամադրել»:
«Ազատություն».- Բայց դրանից դուրս չի՞ նկատվել, որ ընտանիքում այլ խնդիրներ կան, որ կարող էր հանգեցնել նման դժբախտության
Գեղարքունիքի մարզպետ.- Իհարկե, ոչ:
Այս երկրում մենք այնքան սոցիալական աշխատողի կարիք ունենք, որքան պարեկների. Միրա Անտոնյան
Սոցիալական աշխատողների թիվը կատաստրոֆիկ փոքր է,- երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Անտոնյանը սա համակարգի լրջագույն բացթողումներցի մեկն է համարում, բայց ոչ միակը։ Մեղքը միայն այս օղակի վրա գցելով՝ հարցը չի լուծվի. ուր էր դպրոցը, պոլիկլինիկան... չէ՞ որ հենց նրանց աչքի առաջ են մեծանում այս խոցելի երեխաները։ Ասել, թե թերացել են բոլոր կառույցները, նշանակում է ասել ճշմարտության կեսը,- շարունակում է մասնագետն ու հարց բարձրացնում՝ ասենք թե դեպքը բացահայտեցին, հետո՞, կա՞ն արդյոք բավարար ռեսուրսներ՝ կոնկրետ կարիքի դեպքում, կոնկրետ, անհատական օգնություն ցուցաբերելու համար։ Մասնագետի միակ հույսն այն է, որ գոնե հիմա Տիգրանի դեպքը չի մնա միայն սկանդալ, այլ կփոխի համակարգը։
«Որ ապագա Տիգրաններին կարողանանք փրկել, սա մեզ համար պետք է լինի ազդակ՝ վերադիրքավորվելու, մեր համակարգը դեռ հարմարեցված չէ. բարձր ռիսկային, նաև խրոնիկ իրավիճակով ընտանիքները ուշադրության և նոր մոտեցումների կարիք ունեն», - շեշտում է մասնագետը:
Կենսաբանական մոր հետ չմիավորվելու դեպքում երեխաներին նոր ընտանիք է պետք։ Համակարգն այստեղ էլ է կաղում. խոցելի երեխաներն ավելի շատ են, քան նրանց տեր կանգնել ցանկացող խնամատար ընտանիքները: Միրա Անտոնյանի խոսքով.- «Չդիտարկենք, որպես հերթական դեպք, խոսենք ու վերջանա: Մենք պիտի ունենանք հասարակության աջակցությունը ոչ միայն ցավակցության տեսքով, ունենանք մասնակցություն։ Մեր հասարակության մեջ, բնականաբար, շատ լավ, հրաշալի ընտանիքներ կան, ովքեր կարող են հոգ տանել ևս մեկ երեխայի մասին, դրա համար պետությունը նաև կվճարի այդ ընտանիքին, մենք փնտրում ենք այդպիսի ընտանիքներին»:
Ավելի քան 40 երեխա այսօր ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում է, որից ուղիղ կեսը, Միրա Անտոնյանի խոսքով, կենսաբանական ծնողների հետ միավորվել չի կարող. սպասում են, որ մի օր նոր մայրիկ կամ հայրիկ կհայտնվի։