1990 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Անկախության հռչակագրի առանցքային դրույթները «կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ իր ուղերձում:
«Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված և գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը, և կանխորոշելու էր նոր–նոր ձևավորվող Հայաստանի անկախ Հանրապետության առանցքային հատկանիշները», - ասված է ուղերձում, որ հրապարակել է Կառավարության լրատվականը:
«Հայրենասիրության այդ մոդելը, որ Խորհրդային Միությունը ձևավորել էր մեզ՝ հայերիս համար, արտահայտում էր Երկրորդ աշխարհամարտում հաղթած և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության՝ ԽՍՀՄ–ի ամբիցիաների հարավ–արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու Հայկական ԽՍՀ–ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը հանրապետության տարածքից՝ նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար», - պնդում է Փաշինյանը՝ շարունակելով. - «Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել [...] և այսպես ձևավորված մեր սոցիալ–հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք՝ բոլորս, այդ սոցիալ–հոգեբանության կրողն էինք, ԽՍՀՄ կողմից ձևավորված այդ սոցիալ–հոգեբանությունն 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին և այդ սոցիալ-հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինությունն էր, որովհետև շուրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել»։
«Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում», - հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը պատասխանում է նաև «մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար». - «Ի վերջո, ինչո՞ւ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։
«Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ, որի պայմաններում պիտի խորանան մեր հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի պայմաններում մենք աշխարհի համար դառնում ենք իրական և հետաքրքիր գործընկեր», - հայտարարում է Փաշինյանը: - «Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ունենք և որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում»։
«Անցնելով դժոխային փորձությունների միջով՝ հասել ենք անհավանական թվացող հանգրվանի․ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է։ Խաղաղությունը հաստատված է և այն պետք է ամենօրյա խնամքի և հոգատարության առարկա դառնա, այն պետք է դառնա ինստիտուցիոնալ։
2025 թվականի օգոստոսը դարձավ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ կյանքի սկիզբը», - ասված է ուղերձում: