Տարեցների միջազգային օրը Գյումրիի բարեկամության այգում ավելի շատ ծերեր էին քան երեխաները: Գյումրեցի տարեցներին միացել էին երևանցի ու վանաձորցի տարեցները ու իրենց տոնն էին նշում: Երգեցին, պարեցին, նարդի խաղացին:
«Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունն էր տարեցներին իրար գլուխ հավաքել: Թոշակի հույսին ապրող միայնակ ծերերի համար դժվար է ստացածով ապրել, բժշկի գնալ ու կոմունալները վճարել:
«42 տարվա ստաժ ունեմ և ստանում եմ 55 հազար 800 դրամ: Հագուստ չեմ կարողանում գնել, տարվա մեջ մի անգամ, իսկ սնունդը ոչ լիարժեք», - ասում է տարեցներից մեկը:
Ոմանք գումարում-հանում են ու արդյունքում ոչ մի բան չի մնում թոշակից:
«Միայնակի նպաստը կտան ամիսը 20 հազար, 40 հազար թոշակ: Ջրի վարձ տամ, էներգիայի վարձ տամ, գազի վարձ տամ, դեղի համար...տակը հեչ բան չի մնում», «Ես կխնդրեի մեր վարչապետին էդքան որ գործեր կատարում են, նայեք թոշակառուներին, տիրություն անի, ինքն անտեսել է մեզ, անկեղծ եմ ասում, վարչապետը մեր տարեցներին անտեսած է պահում: Ինքն էլ պիտի մեծանա, թող մտածի՝ թոշակի պիտի անցնի, ինքը կապրի՞ այս թոշակով», - ասում էին հավաքված թոշակառուները:
«Ծերությունը վայելելու փոխարեն հոգերի մեջ ենք»
Այսօր ԱԺ ամբիոնից Աշխատանքի ու սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե երբ է բարձարացվելու կենսաթոշակը, պնդեց՝ գնալու են այլընտրանքային բարձրացումների. «2026 թվականի հունվարի մեկից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն՝ մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը, մոտավորապես, միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3-3500 դրամի սահմաններում», - ասաց Թորոսյանը:
Անկանխիկ եղանակով կամ բանկային քարտերից, սակայն, ոչ բոլոր թոշակառուներն են օգտվում. «Ես քարտ չունիմ, ազիզ ջան, ես քարտով առևտուր չեմ անում», «քարտից չեմ օգտվում, խելքս չի հասնում», - ասում էին տարեցները:
Ծերությունը վայելելու փոխարեն հոգերի մեջ ենք, - դժգհում էին տարեցները, ընդգծելով՝ պետական մակարդակով հոգածությունը քիչ է:
Այստեղ բարեգործական կազմակերպություններն են բացը փորձում լրացնել: Շուրջ 400 միայնակ տարեց օգտվում է «Կարիտասի» խնամքի ծրագրերից: Այսօրվա միջոցառման պաստառի հերոսներից 90-ամյա Արաքսյա տատը մի բանի համար է ափսոսում. «Շատ եմ ափսոսում, որ մեծացել եմ: Խոսք եմ տվել Աստծուն, որ100 տարի պիտի ապրեմ: Որոշել եմ, Աստծո հետ պայմանագիր եմ կապել»:
ՄԱԿ-ի վիճակագրությամբ՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր. 500 հազարից ավելի թոշակառու կա, որոնք միջինում ստանում են 49 հազար դրամ կենսաթոշակ: