Մատչելիության հղումներ

Վարչապետը վախենում է, որ հանրությունը կհայհոյի, եթե պետաշխատողների աշխատավարձերը բարձրացնի


Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալուց անմիջապես հետո եռապատկեց նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը, պետական համակարգի միջին ու ցածր օղակների աշխատավարձը վախենում է բարձրացնել: Վախենում է, որ հանրությունն իրեն կհայհոյի:

«Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ, ասենք, Հայաստանի ակտիվ հանրության 97 %-ը իրա իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին», - վարչապետն իր վախերի մասին խոսել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ:

Պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու որոշում ունեն, հիմնավորումն էլ, որ պետականում աշխատանքը մրցունակ չէ, լավ կադրերը նախընտրում են մասնավորը, բայց կառավարությունը չի համարձակվում որոշման մասին բարձրաձայնել:

«Գիտեք՝ ինչքան ենք քննարկում այդ որոշումը, որը մեր մեջ կայացրել ենք: Բայց ինչո՞ւ չենք բարձրաձայնում այդ որոշման մասին: Ասե՞մ՝ ինչի չենք բարձրաձայնում, վախենում ենք», - ասում է վարչապետը:

Իսկ ինչ են կարծում վարչապետի այս հայտարարության մասին քաղաքացիները. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ իշխանության ներկայացուցիչ վախենում է ժողովրդի կարծիքից ու արտահայտությունից», «Մեկը ես եմ, ինձ հարցնի, ասեմ՝ չէ, ինքը չի՞ անելու, անելու է», «Մեկ է՝ իրենք ոնց որոշեն, տենց են անելու, ի՞նչ տարբերություն», «Եթե ուզի բարձրացնի, կբարձրացնի, ոչ էլ կհարցնի», - հանրության մաս կազմող այս մարդիկ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կանգնեցնում է ժողովրդի կարծիքը: Ե՞րբ է այդ կարծիքից վախեցել, որ հիմա հապաղում են, հարցնում էին նրանք:

«Նախընտրական պոպուլիզմ». Թադևոս Ավետիսյան

Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանին էլ է Փաշինյանի խոստովանությունը անակնկալի բերել. «Էդ ո՞ր մի կարևոր, մեր համար գոյաբանական առանցք հանդիսացող որոշումն է ինքը հարցնելով արել», - ասում է նա:

Հաջորդ տարվա ընտրություններին ակտիվ պատրաստվող վարչապետը նախընտրական խոստում է տվել շուրջ երկու հարյուր հազար պետական ծառայողի,- ասում է պատգամավորն ու նրա վախը որակում՝ նախընտրական պոպուլիզմ. «Մենք այսպիսի պոպուլիստական դրսևորումների ականատեսն ենք լինելու թռիչքաձև», - շեշտում է նա:

Եռագույնով զարդարված մուրճով քաղաքացիներին բարեկեցություն խոստացող Փաշինյանն ումի՞ց է վախենում: Իսկ գուցե բյուջեն չի՞ ներում դրա համար, հարցնում է Թադևոս Ավետիսյանը: «Իշխող ուժը նվազագույն թոշակն ու աշխատավարձն էլ չկարողացավ հասցնել իր խոստացած չափին», - շեշտում է պատգամավորը. «Դուք խոստացել էիք նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ես փնտրում եմ հաջորդ տարվա պետական բյուջեում ու չեմ գտնում»:

Կառավարությունը խոստացել էր միջին թոշակի չափը մինչև 2026 թվականը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի շեմին: Չեն կարողացել: Նվազագույն սպառողական զամբյուղը աճել է 35 տոկոսով, իսկ միջին կենսաթոշակը 20 տոկոսով է աճել, համեմատում է ընդդիմադիր պատգամավորը ու նշում. «Եթե Փաշինյանը պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնի, նրան թոշակառուները կթիրախավորեն»:

Փաշինյանի ընդդիմախոսը եզրահանգում է՝ ոչ թե հանրային կարծքից է վախենում, այլ չկատարված խոստումների պատճառով վստահության կորստից:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի տպավորությամբ՝ Փաշինյանին պետք էր, որ ընտրություններից առաջ այսպիսի ցանկություն հայտներ. «Խոստանում էր բարձրացնել, որ մեզ քվե կտաք, ձեր աշխատավարձն էլ կբարձրացնեմ: Ես վստահ եմ, պետական մտածելակերպով պաշտոնատար անձինք նաև միջին օղակներում, այս յոթ տարվա ընթացքում այս կառավարման գլոբալ ձախողումն ամենալավը իրենք են տեսել, իրենց մաշկի վրա զգացել են: Վստահ եմ, որ նաև իրենց խոսքն են ասելու, երբ գա ընտրությունները անկախ խաբկանքներից ու սուտ խոստումներից», - ասում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կողմ է, որ պետական ծառայողների աշխատավարձը վերանայեն, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նախարարների աշխատավարձը միլիոնուկես դարձրեց, փոխնախարարներինը՝ մեկ միլիոն:

«Դե թոշակառուներինը երկար ժամանակ է, որ չեն բարձրացրել, ինձ թվում էր՝ ժամանակն է բարձրացնելու», - հանրային հայհոյանքից վախեցող Փաշինյանին այս քաղաքացին առաջարկում է խիզախել: Պետական ծառայողների աշխատավարձից բացի՝ թոշակներն էլ բարձրացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG