Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյան. Եթե ուզում ենք մեր ֆուտբոլը շուտ զարգանա, պետական աջակցություն է պետք


«Ազատությունը» զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված, իսկ ամբողջականը՝ տեսանյութում:

Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին

Պորտուգալիան աշխարհի լավագույնների մեջ 2-րդը կամ 3-րդը կարող է լինել: Պետք է հաշվի առնել, որ հավաքականում պարոն Մելիքյանի [հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանի մասին է խոսքը-խմբ.] առաջին խաղն էր, իրեն ժամանակ է պետք: Շատ դրական փոփոխություններ տեսա ես: Ոգի տեսա, տղաների մեջ դուխ տեսա, որ կարող էին խաղալ, շատ դժվար էր այդ ամենը ցույց տալ, բայց հուսով ենք՝ գալիք խաղերում ցույց կտան տղաները:

Ինչ սպասելիքներ կան նորանշանակ մարզչից

Սպասելիքները դրական են: Ճանաչելով Եղիշե Մելիքյանին, իր բնավորությունը տեսնելով, շատ շուտով փոփոխությունները կտեսնենք տղաների աշխատասիրության, դուխի մեջ: Իռլանդիայի հետ խաղում, կարծում եմ, այլ ֆուտբոլ կտեսնենք: Հաշվի առնելով Պորտուգալիան, այդ պատասխանատվությունը, դժվար խաղ էր...գիտեինք, որ դժվար խաղ էր սպասվելու մեր տղաների համար թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Առաջին խաղն անցավ, դժվարն առաջինն է հատկապես` նոր մարզիչով: Մյուս խաղերին տղաներն ավելի հանգիստ կլինեն դաշտում:

Հանդիպում՝ հավաքականի ֆուտբոլիստների հետ

Տղաներին խաղից երկու օր առաջ եմ հանդիպել: Մի փոքր զրույց եմ ունեցել: Շատ լավ մթնոլորտ էր, այն, ինչ ես տեսա, շատ դրական էր: Մթնոլորտը բարելավվելը ժամանակի հարց է: Տանք ժամանակ մեր մարզչին, որ ինքն իր ուզած հոգեբանությունը փոխանցի ֆուտբոլիստներին: Նաև ֆուտբոլիստները սկսեն ճանաչել մարզչին, նրա պահանջներին, ցանկություններին:

Յուրա Մովսիսյանի սերնդի հավաքականի ու ներկայիս հավաքականի մասին

Ինձ համար դժվար է համեմատելը: Մի մեծ տարբերություն կարող եմ ասել. մենք այն ժամանակ չէինք վախենում պարտությունից: Մենք, երբ դաշտ էինք դուրս գալիս, վստահ էինք, որ պետք է հաղթենք, կապ չուներ, թե ում դեմ ենք խաղում: Մենք այն ժամանակ Պորտուգալիայի դեմ էլ ենք խաղացել ու այլ ուժեղ թիմերի դեմ էլ: Այդ ժամանակ դաշտ էինք դուրս գալիս՝ գիտենալով, որ պետք է հաղթեինք, գիտեինք, որ գոլ պիտի խփեինք: Ես, օրինակ, միշտ դաշտ եմ դուրս եկել՝ գիտենալով, որ այդ խաղին անհնար է, որ գոլ չխփեմ, այդ մտքով եմ դուրս եկել: Ճիշտ է, ամեն խաղին գոլ չեմ խփել, բայց արդեն խաղի սկզբից դու ճիշտ տրամադրված, վստահ ես: Օրինակ՝ երեկ դաշտում ֆուտբոլիստների մոտ երևում էր, որ վստահության պակաս ունեն: Ու մեր աջակցության, երկրպագուների, ֆուտբոլային հանրության պակաս ունեին: Խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ, որ մենք՝ հայերս, աջակցենք մեր թիմին, ոգեշնչենք նրանց: Էլի չսկսենք խոսելը՝ վայ, էս ինչ էր: Ժամանակ տանք մեր մարզչին, մեր տղաներին, և իրենց լավագույն խաղը ցույց կտան:

Ինչ պետք է արվի հայկական ֆուտբոլի զարգացման համար

Պետք է սկսենք մանկապատանեկան ֆուտբոլից, մարզիչների կրթության...ես միշտ ասել եմ՝ այն մարզիչները, որոնք աշխատում են մանկապատանեկան ֆուտբոլում, պետք է նաև իրենք հոգեբանական դասընթացներ անցնեն, թե ինչպես աշխատեն երեխաների հետ: Պետական աջակցությունը շատ կարևոր է ու անպայման պետք է լինի: Եթե մենք ուզում ենք, որ մեր ֆուտբոլը շուտ զարգանա, ավելի արագ տեմպերով զարգանա, միանշանակ պետք է պետական աջակցություն:

Ինչու վրացիների մոտ ստացվեց, իսկ հայկական ֆուտբոլում չի հաջողվում

Փաստ է, որ Վրաստանի ֆուտբոլը պետական աջակցություն ունի: Եթե մեր ֆուտբոլում էլ լինի, իմ կարծիքով՝ մենք նույն հաջողությանը կարող ենք հասնել և ավելին:

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ ում է առանձնացնում

Հենրիխին: Նույնսիկ քննարկելն էլ է ավելորդ, որ Հենրիխից այն կողմ մենք այլ ֆուտբոլիստի կարողանանք առանձնացնել, որովհետև լավագույնն է: Ես ցավում եմ, որ ինքն այսօր մեր ազգային հավաքականում չէ: Դրա համար շատ ցավ եմ ապրում:

Հայաստան վերադառնալու ու ֆուտբոլային ծրագրերի մասին

Թե երբ կվերադառնամ, չեմ կարող ասել, բայց ցանկությունն ունեմ և պատրաստ եմ: Ես պատրաստ եմ ընտանիքիս հետ տեղափոխվել Հայաստան, աջակցել ու մեր պրոֆեսիոնալ լիգան ստեղծել, պատրաստ եմ գալ ու համագործակցել մեր բոլոր ակումբների հետ և բոլորս միասին աշխատենք ու ստեղծենք մեր պրոֆեսիոնալ լիգան:

Խորհուրդ՝ Հայաստանում ֆուտբոլային առաջին քայլերն անող երիտասարդներին

Խորհուրդ կտամ, որ հաճույք ստանան, հատկապես փոքր տարիքից հաճույքով գնան ֆուտբոլի, չպարտադրվեն ծնողների կողմից: Ես նաև խորհուրդ կտամ մեր ծնողներին, որ երեխաներին ստիպելով ֆուտբոլի չուղարկեն, թողեք երեխեքը հաճույք ստանան ֆուտբոլից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG