Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի սպանության գործով կասկածյալի ձերբակալության մասին:
«Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության գործով կասկածյալի ձերբակալության մասին», - երեկ կեսգիշերին մոտ X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:
«Քննչական անհրաժեշտ գործողությունները շարունակվում են: Ես հրահանգել եմ, որպեսզի հասանելի տեղեկատվությունը ներկայացվի հանրությանը: Շնորհակալություն եմ հայտնում մեր իրավապահներին իրենց արագ և համակարգված աշխատանքի համար», - գրել է Զելենսկին՝ ընդգծելով. - «Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»:
54-ամյա ազգայնական գործիչ Պարուբին օգոստոսի 30-ի կեսօրին մոտ սպանվել է հրազենից՝ Լվովում իր տան մերձակայքում: Գլխավոր դատախազությունը հայտարարել է կանխամտածված սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Պարուբին 2004-2005 թվականների «Նարնջագույն հեղափոխության», 2013-14-ի Մայդանի բողոքի ակցիաների ակնառու դեմքերից էր: Նրա որոշ գործընկերներ սպանության համար մեղադրում են Ռուսաստանին՝ պնդելով, թե Մոսկվան վրեժ է լուծել քաղաքական գործչից: