Մատչելիության հղումներ

Զելենսկին գաղտնազերծել է, որ Վաշինգտոնն այժմ ակտիվ ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու գործում


Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի առաջնորդների՝ Սպիտակ տանը հանդիպումից հետո բանակցությունները տեղափոխվել են կուլիսներ՝ կազմակերպելու Պուտին-Զելենսկի հանդիպում:

Արևմուտքում չեն թաքցում սա, Մոսկվան, սակայն, չի շտապում հաստատել, որ նման սցենար կա. ռուսական կողմը միայն հայտնել է, որ այդօրինակ բանակցությունները ենթադրում են երկար և մանրամասն նախապատրաստություն:

Ուկրաինայի նախագահն էլ այսօր գաղտնազերծել է, որ Վաշինգտոնն այժմ ակտիվ ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպելու գործում: Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, ամերիկացի բարձրաստիճան երեք պաշտոնյայի անուն է տվել, որոնք աշխատում են այս ուղությամբ՝ պետքարտուղար Ռուբիո, փոխնախագահ Վենս և Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆ:

Արևմտյան մամուլը պնդում է, որ դիվանագետների սեղանի առանցքային հարցը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներն են: Թայմս հանդեսն այսօր գրել է, որ Եվրոպական երկրներն այդ նպատակով համոզում են Թրամփին ամերիկյան F-35 կործանիչներ տեղակայել Ռումինիայում, որտեղ ՆԱՏՕ-ն կառուցում է իր խոշորագույն ավիաբազան Եվրոպայում: «Դա կզսպի Ռուսաստանի հնարավոր կրկնակի ներխուժումը», - ըստ թերթի Սպիտակ տանն ասել են եվրոպացիները:

Մինչդեռ ամերիկյան մեկ այլ հանդես՝ Politico-ն, գրում է, թե Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը դաշնակիցների փոքր խմբի հայտնել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է նվազագույն դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիքներում: Պարբերականը նկատում է, որ Վաշինգտոնը հստակ ուղերձ է հղում՝ Եվրոպան ստիպված կլինի իր վրա վերցնել խաղաղության պահպանման հիմնական պատասխանատվությունը։

Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը «արտաքին ռազմական միջամտության» միջոցով՝ բացարձակ անընդունելի է: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիևի եվրոպացի դաշնակիցներն մեղադրել է, թե խափանում են առաջընթացը, որ ձեռք է բերվել Միացյալ Նահանգների միջնորդությամբ։

Անցած շաբաթ նախագահներ Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում հանդիպումից հետո եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են զորք տեղակայել Ուկարինայում՝ ցամաքային, օդային ու ծովային անվտանգությունն ամրապնդելու համար։

XS
SM
MD
LG