Բագրատաշենի անցակետի մոտ այսօր ավելի քան 250 բեռնատար էր կուտակվել: Երեկվանից հայ վարորդները երկկողմանի փակ էին պահում սահմանային ելումուտը: Մուտքը բաց էր միայն մարդատարների համար: Բեռնատարների ճանապարհը բացեցին միայն երեկոյան:
«Խնդիրներից մեկն այն է, որ մենք անտերության մատնված ենք, ոչ մեկի կողմից ապահովագված չենք ոչ մի հարցում՝ լինի Վրաստանում, թե Վերին Լարսում», - «Ազատությանն» ասաց վարորդներից մեկը:
Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով վարորդները տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ այդ երկրի տարածքում: Այս ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում ու արտաքսվում ՌԴ-ից՝ 3-5 տարվա մուտքի արգելքով: Վարորդները պնդում են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև դրա մեծ մասը Լարսի հերթերում են անցկացնում: Եթե Հայաստանը համաձայնության չգա Ռուսաստանի հետ, տարիներ շարունակ բեռնափոխադրում իրականացնող մեծ թվով վարորդներ արտաքսվածների ցուցակում կհայտնվեն:
Հայաստանում էլ զգալի գնաճ տեղի կունենա, պնդում են բեռնափոխադրողները. «Մենք սնունդ բերողն ենք, մինչև հացահատիկի պրոբլեմ ունենալու ենք: Մենք եկել ենք, գոռում ենք՝ այնտեղ ինչ է կատարվում»:
«Մի քանի ամիս առաջ ասում էին, որ այսօր հարկատուն մեր հերոսն է: Այս հերոս մարդիկ մի շաբաթ առաջ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, իրենց խնդրի մասին էին բարձրաձայնել, {էկոնոմիկայի նախարար-խմբ.} Պապոյան Գևորգը դուրս եկավ, ասաց, որ «մենք զբաղվում ենք այդ հարցով, քաջատեղյակ ենք, այդ հարցը լուծում կստանա, խնդրում եմ սպասեք»: Անցավ մեկ շաբաթ, ոչ մի արձագանք, ոչ մի լուծում, ոչ մի պատասխան», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Երեկ այս մարդիկ նորից հավաքվել էին կառավարության շենքի առաջ, էլի ոչ մի պատասխան: Թե մի շաբաթ առաջ Պապոյան Գևորգը բարեհաճեց իջնել կառավարության շենքի դիմաց, մեզ պատասխան տա, երեկ սաղ՝ թե՛ իշխանականները, թե՛ հակաիշխանականները զբաղված էին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությամբ: Ուզում եմ հասկանալ՝ Պապոյան Գևորգն ի՞նչ կապ ունի Վարդան Ղուկասյանի հետ», - հավելեց նա:
Մինչ վարորդները փակ էին պահում անցակետի մուտքը, այսօր խորհրդարանում էկոնոմիկայի նախարարը հայտարարեց՝ երբ այդ որոշումը ՌԴ-ում ուժի մեջ է մտել, իրենք սկսել են աշխատել ռուս գործընկերների հետ, նամակ են ուղարկել, հետո ուղիղ բանակցել ու ստացել արձագանք, թե հասկանում են, պրոբլեմը կփորձեն լուծել: Այնուհետև, ըստ նախարարի, ստացել են տեղեկություն, որ ինչ-որ գործընթաց սկսվել է, այսինքն՝ նախագիծ է մշակվել, որը ներքին շրջանառության մեջ է: Նախարարն ընդգծել է, որ հարցը քննարկվելու է այս ուրբաթ՝ ԵԱՏՄ-ի նիստում:
«Խնդիրը բարձրացրել ենք, դիմացի կողմը հասկացել է, որ մեզ դա անլուծելի պրոբլեմի առաջ կկանգնեցնի: Մեր տպավորությամբ մեզ խոստացել են, որ կլուծեն, և տրամադրվածությունը մեր տպավորությամբ այնպիսին է, որ լուծման ենք գնում», - ասաց նախարարը:
Մինչդեռ հայ-վրացական անցակետերը փակած վարորդները պնդում են՝ մինչ իրենք բողոքում են, կառավարությունից էլ վստահեցնում են, թե իրենց խնդիրը կքննարկվի, Ռուսաստանից արտաքսվածների թիվն օրեցօր ավելանում է: Վարորդների հաշվարկով մինչև այսօր արդեն մոտ 300 վարորդ է արտաքսվել:
Այսօր Բագրատաշենում փակված ճանապարհից այն կողմ էր մնացել ղազախստանցի վարորդ Ալեքսանդր Մաքսիմենկոն, ասաց՝ ինքն էլ այս խնդրի առաջ կանգնած է եղել Ղազախստանում, բայց երկու երկրների իշխանություններն օրերի ընթացքում միջանկյալ մի որոշմամբ լուծել են խնդիրը: Ասում է՝ 90 օրվա սահմանափակումն արդեն իրենց չի վերաբերում:
«Չգիտեմ անկեղծ, ինչ են նրանք որոշել, բայց ուղղակի ասացին՝ վերջ, սահմանափակումը չեղարկել են: Հիմա ուղղակի արդեն արտաքսվածների հարցը մնում է: Որոշում են ինչ անել նրանց հետ», - նշեց նա:
Այսօր Բագրատաշենում բողոքի ակցիա իրականացնող վարորդները բացեցին ճանապարհը՝ զգուշացնելով՝ մի քանի օրից հարցը չլուծվի՝ սահմանը կփակեն նաև մարդատար մեքենաների համար:
«Հետագա ընթացքը կախված է միմիայն իրենց մոտեցումից, պահվածքից դեպի հայ վարորդները, փոխադրողները, ներկրող և արտահանողները», - ասաց վարորդներից մեկը: