Կոալիցիան առաջարկում է ՀՅԴ-ին պահպանել խորհրդարանական ղեկավար պաշտոնները

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր կոալիցիայի անունից առաջարկել է Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցությանը հետ վերցնել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարվելու մասին դիմումները:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց անցյալ տարի օրենսդրական փոփոխությամբ ընդդիմությանն ընձեռված՝ հանձնաժողովի ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը, որը, ըստ օրենքի, պետք է կիրառվի հաջորդ գումարման խորհրդարանում:

«Սակայն այսօր քաղաքական կոալիցիան կոչ է անում Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությանը, լինելով ընդդիմություն, հետ վերցնել հանձնաժողովի նախագահներ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի՝ հրաժարականի մասին դիմումները», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար. - «Սա իսկապես մեր ընթացող ռեֆորմների շրջանակի մեջ է: Մենք կքննարկենք եւ պատասխանը կներկայացնենք Ազգային ժողովի նախագահին»:

Որոշումն ակնկալվում է ՀՅԴ-ի Գերագույն մարմնի այսօր գումարվելիք նիստում: