Սկսվել է օտար լեզուների քննությունների արդյունքների բողոքարկումը

Չորեքշաբթի օրվանից հանրապետության բոլոր քննական կենտրոններում հրապարակվել են «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները։ Նախորդ քննությունների համեմատ, օտար լեզուներում լուրջ դժգոհություններ ու խախտումներ չեն արձանագրվել, շատ չեն նաեւ բողոքարկողները։
Հինգշաբթի վաղ առավոտից արդեն քննական կենտրոնների մոտ հավաքվել էին ծնողները, կրկնուսույցներն ու դիմորդները։ Ոմանք եկել էին արդյունքներին ծանոթանալու, մյուսները` բողոքարկելու։

Կրկնուսույցներն ու ծնողները դժգոհում են այս տարվա միջին միավորներից:

«Կյանքում էսպիսի արդյունք չի եղել: Եթե ինձ մոտ ուսանողը ստանում էր 17, ես բարկանում էի նրա վրա, իսկ հիմա ստանում են 10 ու ես ուրախանում եմ, բայց չգիտեմ ինչի համար», - ասաց կրկնուսույցներից մեկը։

Անցումը շտեմարաններից թեստային համակարգի նույնպես հարուցել է զրուցակիցներիս դժգոհությունը։ Նրանց խոսքով` եթե այսպես շարունակվի եւ արհեստականորեն իջեցվեն անցողիկ շեմերը` ապա գնալով կավելանա կրկնուսույցների թիվը։ Մինչդեռ հիշեցնենք, որ կրթական համակարգում կատարվող բարեփոխումներն ու նորամուծություններն ուղղված են նաեւ այդ երեւույթի նվազեցմանը։

Դիմորդներից ոմանք քննասենյակներում նկատել էին հուշելու մի քանի հստակ դեպքեր։ Նրանց խոսքով` հուշողներին չեն կաշկանդում անգամ քննասենյակներում տեղադրված տեսախցիկները։

«Ես տեսել եմ, որ կանգնում են կամերաներից դուրս, ձեռքով կանչում են երեխաներին ու մի քանի րոպե հետո գալիս նստում են», - բողոքում է դիմորդը։

«Թեստերը լուծած բերում դնում են երեխեքի դիմաց, խի տենց բա՞ն են անում », - դժգոհեց մեկ այլ կրկնուսույց։

Հայաստանում եւ Արցախում օտար լեզուներից միասնական քննություն են հանձնել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուներից։ Անգլերենից 20 միավոր են ստացել 8220 դիմորդից 103-ը, ֆրանսերենից 429 դիմորդից` 4-ը: Գերմաներենից ` 516 դիմորդից ընդամենը մեկ հոգի է 20 միավոր ստացել, իսկ ահա իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուներից 20 միավոր չի գրանցվել։