«Պետական տեռոր է երիտասարդների նկատմամբ»

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդական խորհուրդը երկուշաբթի առավոտյան հայտարարություն է տարածել, որով պահանջում է ազատ արձակել կիրակի օրը ձերբակալված Տիգրան Առաքելյանին:

«Ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը եւ հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար», - ասված է հայտարարությունում։

Երեկոյան երիտասարդական խորհուրդը արտահերթ հավաք ունի. քննարկելու են, թե ինչպես են պայքարելու իրենց ընկերոջ ազատ արձակման համար։ Խորհրդի ակտիվիստ Արեն Մանուկյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց. - «Պետական տեռոր է երիտասարդների նկատմամբ։ Հիմար կլինեն իրավապահները, եթե գործը հասցնեն դատարան։ Մենք թույլ չենք տա, որ մարսեն»։

Սա ձերբակալության առաջին դեպքն է ընդդիմադիր երիտասարդների շրջանում։ Արենի կարծիքով, ակնհայտ է, որ երիտասարդները զգալիորեն ակտիվացել են վերջին շրջանում, եւ «իշխանությունները գործ սարքելով հիմա փործում են կանխել դա»։

ՀՀՇ-ի երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ մեթոդները ծանոթ են իրեն, դրանք որակեց «նախնադարյան». - «Առաջին դեպքն է, որ երիտասարդի են ձերբակալում, բայց առաջին դեպքը չէ, որ ահաբեկությունների թիրախ են դարձնում երիտասարդներին»։

«Պաշտպանելով Տիգրանին, մենք պաշտպանում ենք Հայաստանի յուրաքանչյուր երիտասարդի», - ասաց Կարենը: - «Ահաբեկելով, ծեծելով, ձերբակալելով կոնկրետ երիտասարդների, իշխանությունները վախեցնում են նրանց, ովքեր դեռ ակտիվորեն չեն ներգրավվել այս գործընթացներին»։

Արդեն վաղվանից երիտասարդները բողոքի ամենատարբեր ակցիաներով փողոց են դուրս գալու` ի պաշտպանություն իրենց ընկերոջ։