Վլադիկավկազի շուկայում պայթյունի զոհերի թվում 4 հայ կա

Your browser doesn’t support HTML5

(Ուշադրություն, տեսանյութում արյունալի տեսարաններ կան)

(Ուշադրություն, տեսանյութում արյունալի կադրեր կան)

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվում կա 4 հայ, այդ թվում՝ Հայաստանի 1 քաղաքացի։ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունից «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Արտակ Ավետիսյանը։

Առայժմ հաջողվել է ճշտել նրանցից 3-ի անունները՝ Գրիգորյան Սերգեյ Գրիգորի, Գասպարյան Իրինա Գասպարի (1964), Էլբակյան Արսեն Մելսիկի (1986)։ Զոհվածների եւ տուժածների ամբողջական ցուցակներ դեռեւս չեն հրապարակվել:

Հինգշաբթի օրը Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 16 մարդ, այդ թվում` մեկ երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ:

Արտակ Ավետիսյանի տվյալներով, վիրավորների թվում նույնպես հայեր կան։

Ուժգին պայթյունը որոտացել է ժամը 11:30-ի սահմաններում` շուկայի կենտրոնական մուտքի մոտ, որը միշտ մարդաշատ է: Այստեղ տեղակայված են նաեւ աշխատանքային բորսան ու քաղաքի դպրոցներից մեկը:

Նախնական տվյալներով` պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախատեսված էին մի քանի ահաբեկչական ակտեր, եւ տարհանել են մարդկանց: Քաղաքում չկա բջջային կապ` հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու նկատառումներով: Արդեն հարուցվել է քրեական գործ` ահաբեկչության հոդվածով: Պայթյունի համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավարությունը, այդ թվում` Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մամսուրովը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Կովկասում իր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին հանձնարարել է շտապ մեկնել դեպքի վայր:

Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսիայում սգո օր է հայտարարվել:

Վերջին անգամ ահաբեկչական գործողություններ Հյուսիսային Օսիայում գրանցվել էին օգոստոսի 17-ին, երբ զոհվել էր մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել էին:

11 տարի առաջ` 1999 թվականի օգոստոսի 19-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայի տարածքում, ի դեպ` նույն ժամին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 52 մարդ զոհվել եւ շուրջ 160-ը վիրավորվել էին: