Ի՞նչ օտար լեզուներ են նախընտրում սովորել հայաստանցիները

Your browser doesn’t support HTML5

Այսօր Հայաստանում ամենապահանջված օտար լեզուն անգլերենն է. այս մասին ևս մեկ անգամ փաստում են օտար լեզուների դասավանդման բիզնեսում ներգրավված մարդիկ:

Այսօր Հայաստանում ամենապահանջված օտար լեզուն անգլերենն է. այս մասին ևս մեկ անգամ փաստում են օտար լեզուների դասավանդման բիզնեսում ներգրավված մարդիկ:
«Դժվարանում եմ ասել, թե որն է երկրորդ ամենապահանջված լեզուն` գերմաներե՞նը, թե՞ ֆրանսերենը, որին նոր կհաջորդի իսպաներենը: Կան շատ ուսումնական ծրագրեր` կապված Գերմանիայի եւ Բելգիայի հետ, նաեւ սկսել է աճել միգրացիան դեպի Կանադա, ինչը նույնպես պայմանավորում է ֆրանսերենի պահանջարկ», - «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում հայտնեց ICLT օտար լեզուների դասավանդման կենտրոնի տնօրեն Լուսինե Շահնազարյանը:

Պայմանավորված անգլերենի պահանջարկով` անգլերեն դասավանդող լեզվի կենտրոնները Երեւանում ամենտարածվածն են: Անգլերենի ընդհանուր կուրսերը ամսական 20.000- 30.000 դրամ արժեն, իսկ միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացները ավելի թանկ` 40.000-ից ոչ պակաս:

Լեզվի կենտրոններում սովորաբար դասընթացը սկսելուց առաջ պարզում են, թե իրենց ուսանողները ինչ նպատակով են սովորում օտար լեզուն: ICLT կենտրոնում մեզ հայտնեցին, որ իրենց ուսանողների` անգլերեն սովորելու թիվ մեկ պատճառը արտերկրում ուսումը շարունակելու հեռանկարն է, ապա տեղական աշխատաշուկայի պահանջը, իսկ 3-րդ պատճառը արտագաղթն է, որի պարագայում անգլերեն սովորղները համեմատաբար ավելի մեծ տարիքային խմբի` 30-ից բարձր, ներկայացուցիչներ են:

Մեկ այլ օտար լեզուների դասավանդման կենտրոնում` France-Formation-ում, որտեղ դասավանդվում է ե՛ւ անգլերեն, ե՛ւ ֆրանսերեն, վերջին երկու տարվա ընթացքում նկատվել է ֆրանսերենով հետաքրքված ուսանողների քանակի կտրուկ աճ:

«Հիմա գերակշռում է ֆրանսերենի պահանջարկը, ինչի համար այնքան էլ ուրախ չենք, քանի որ մադկանց շատ մեծ հոսք կա Քվեբեկ` Կանադայի ֆրանսախոս հատված: Մեր վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ այս պահին ֆրանսերենի գերակշռող դերը պայմանավորված է հենց միգրացիայով: Երկու տարի առաջ անգլերենի դասընթացները մեզ մոտ կազմում էին 65 տոկոս, ֆրանսերենը` 25, իսկ հիմա ֆրանսերենը 70 տոկոս է եւ ավելի, իսկ անգլերենը` ընդամենը 20-25», - ասաց France-Formation կենտրոնի տնօրեն Լիլիա Շալունցը:

Կանադա տանող միգրացիոն ծրագրերը շատ խստահապահանջ են իրենց երկրի ապագա բնակիչների հանդեպ եւ պիտի վստահ լինեն, որ Հայաստանից մեկնողները լավ տիրապետում են ֆրանսերենին:

«Երկու տարի առաջ ամռանը գրեթե ուսանող չէինք ունենում, իսկ անցյալ ամառ եւ այս ամառ պատկերը լրիվ փոխվել է, ու ես դա պայմանվորում եմ նրանով, որ մարդիկ շտապում են, պետք է արագ սովորեն ու գնան մասնակցեն ինչ-որ ինտերվյուների», - ասաց Լիլիա Շալունցը:

Լեզվի կենտրոններում մեզ հայտնեցին, որ տպավորոթյունը, թե մեր երկրում շատերն են տիրապետում եվրոպական լեզուներին, սխալ է:

«Իրականում լավ անգլոֆոններ ու ֆրանկոֆոններ մենք շատ քիչ ունենք», - ասաց Շալունցը:

Centro Hispano իսպաներենի դասավանդման կենտրոնի տնօրեն Աշոտ Փարսյանը վստահեցրեց, որ Երեւանում մատների վրա կարելի է հաշվել լավ իսպանախոսների:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իսպաներենն առանձնապես պահանջարկ չունի մայրաքաղաքում ու սովորողները հիմնականում այն մարդիկ են, ովքեր հաճախ են ճամփորդում:

«Այն մարդիկ, ովքեր ապրում եւ աշխատում են Հայաստանում, իսպաներենը նրանց գրեթե չի հետաքրքրում: Հայաստանում իսպաներենը կիրառելի լեզու չի. չունենք իսպանախոս դեսպանատներ Արգենտինայից բացի, չկան լուրջ հարաբերություններ Իսպանիայի հետ, չկան բիզնեսներ ու իսպաներենի մասանգետներն էլ եզակի են», - ասաց Փարսյանը:

470-500 միլիոն մարդկանց համար մայրենի իսպաներենը, որ տարածվածությամբ աշխարհի 2-րդ, իսկ խոսողների թվով 3-րդ լեզուն է (անգլերենից ու չինարենից հետո), լրջորեն Հայաստանում քչերին է հետաքրքրում: Centro Hispano կենտրոնը 2004 թվականից ի վեր երբեւէ չի ունեցել որեւէ ուսանող, որ իսպաներեն է սովորել առաջին փուլից մինչեւ վերջին` 6-րդ փուլ: