Անհայտ անձինք հարձակվել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նախընտրական քարոզարշավի Իրկուտսկի շտաբի համար վարձակալված տարածքի սեփականատիրոջ վրա: Այս մասին հայտնել է Նավալնիի աշխատակազմի համակարգող Սերգեյ Բեսպալովը:
Ըստ վերջինիս, 7 անձինք բեյսբոլի փայտերը ձեռքներին ներխուժել են գործարարի գրասենյակ, բղավել՝ «դուք հայրենիքը Նավալնիին եք վաճառում», ապա ծեծել նրան: Գործարարը բազմաթիվ վնասվածքներ է ստացել՝ հիմնականում գլխի շրջանում:
Այլ աղբյուրների վկայությամբ՝ ծեծի ենթարկվածը ոչ թե շտաբի տարածքի սեփականատերն է, այլ՝ նրա որդին:
Նավալնին իր քարոզարշավն իրականացնելու ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում: Ավելի վաղ հետաձգվել է նրա շտաբների բացումը մի շարք քաղաքներում:
Հակակոռուպցիոն արշավ իրականացնող Նավալնին ավելի վաղ հայտնել էր, որ մասնակցելու է Ռուսաստանում 2018 թվականի մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններին: