Իրանի ընդդիմության առաջնորդներից Մեհդի Քարուբին հոսպիտալացվել է սրտային խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է նրա որդին:
Քարուբին, ով խորհրդարանի նախկին խոսնակն է, 2011 թվականից տնային կալանքի տակ է առանց մեղադրանքների, մարտին նույնպես հոսպիտալացվել էր:
Քարուբիի որդին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, որ 78-ամյա հոր առողջական խնդիրների պատճառը անազատությունն է:
Մեհդի Քարուբին 2009 թվականին մասնակցել էր Իրանի նախագահական ընտրություններին՝ հանդես գալով երկրում բարեփոխումներ անցկացնելու օգտին: Ընտրություններից հետո նա հայտարարել էր, թե Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակը կեղծված էր: Փողոցային պայքար սկսելու Քարուբիի կոչերն ավարտվեցին տնային կալանքով:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին խոստացել է ազատ արձակել քաղբանտարկյալին, սակայն առայսօր չի կատարել խոստումը: