«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դատավճիռը Մոսկվայի դատարանը կհրապարակի դեկտեմբերի 15-ին: Այս մասին տեղեկացրել է դատավոր Լարիսա Սեմյոնովան:
Ուլյուկաևը իրեն մեղավոր չի ճանաչում և կաշառքի սադրանքի համար մեղադրում է Սեչինին ու Անվտանգության դաշնային ծառայությանը: Դատախազը Ուլյուկաևի համար պահանջել է 10 տարվա ազատազրկում և 500 միլիոն ռուբլի տուգանք:
Այսօր դատարանում հանդես գալով վերջին խոսքով՝ նախկին նախարարը կրկին հերքել է մեղադրանքները, պնդելով, թե իր դեմ «հրեշավոր և դաժան սադրանք է» իրականացվել:
Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք առաջին կալանավորված նախարարի գործով դատարանը բազմիցս հարցաքննության է կանչել Իգոր Սեչինին, սակայն վերջինս այդպես էլ չի ներկայացել:
Ալեքսեյ Ուլյուկաևը, հիշեցնենք, անազատության մեջ է անցած տարվա նոյեմբերի 15-ից: