Միացյալ Նահանգների առաջնորդությամբ Սիրիայում գործող կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ ձեռնամուխ են եղել այդ երկրում 30 հազարանոց զորամիավորման ստեղծմանը, որը բաղկացած է լինելու քրդական ուժերից և արաբներից, որոնք գործում են համատեղ՝ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» անվամբ դաշինքում:
Կոալիցիայի՝ ժամեր առաջ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ զորամիավորումը տեղաբաշխվելու է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ գտնվող շրջանների սահմանային հատվածներում, այդ զորամիավորման անձնակազմի մոտ կեսը բաղկացած է լինելու դաշինքի մարտիկներից, և արդեն իսկ մեկնարկել է առաջին 230-ի վերապատրատումը:
«Իսլամական պետության» դեմ պատերազմող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության ներքո են գտնվում երկրի արևելյան ու հյուսիսային՝ Թուրքիային սահմանակից շրջանները: Քանի որ դաշինիքի առանցքը, փաստորեն, համարվում են տեղի քրդական ուժերը, այս տեղեկությունն անհանգստացրել է Անկարային:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ կոալիցիայի այս նախաձեռնությունը կլեգիտիմացնի քրդական ահաբեկչական կազմակերպությունը: